Կանայք կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց խանդում են անծանոթների հանդեպ, աշխատանքի, ընկերների… Սակայն կանանց մի ստվար զանգվածի համար նորություն չէ նաև երեխայի հանդեպ ամուսնու խանդը: Այս երևույթը հատկապես նկատելի է դառնում նորաստեղծ ընտանիքներում, երբ ընտանիքում հայտնվում է երրորդը' փոքրիկը: Թվում է, թե անհեթեթություն է մտածելը, որ հայրը կարող է խանդել կնոջը երեխայի հանդեպ:

«Այս երևույթն իսկապես տարածված է, ինչքան էլ որ տղամարդիկ չեն ուզում ընդունել դա: Առաջնեկից հետո կինն ամբողջովին փոխվում է, կյանքում ստանում է նոր դեր, նոր առաքելություն: Հատկապես սկզբնական շրջանում կանայք իրենց ամբողջ ժամանակը տրամադրում են երեխային, դրան էլ գումարվում է հոգնածությունը, ծանրաբեռնվածությունը և ինչ-որ շրջան կնոջ ուշադրության պակասը ամուսնու նկատմամբ: Դե , իհարկե, տղամարդիկ չեն կարող չարձագանքել այս երևույթին»,- թեմայի շուրջ LN-ի հարցերին պարզաբանումներ տվեց «Երկուսով» հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը:

Այս շատ պատասխանատու շրջանում տղամարդիկ սկսում են իրենց անտեսված զգալ, քանի որ կնոջ ուշադրությունն ամբողջովին ուղղվում է երեխային: Դե իհարկե ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում գիտակցել, ընդունել, որ այդ շրջանը ժամանակավոր է: Իսկ տղամարդկանց արձագանքը կարող է լինել ճնշվածությունը, տնից հաճախ բացակայելու ցանկությունը, ուրիշ հետաքրքրություններ գտնելը:

Այս խնդրի պատճառները հոգեբանն այսպես է բացատրում. «Տղամարդու խանդն այս պարագայում այսպես է բացատրվում: Նախ' դա կարող է լինել կնոջ սխալի հետևանքով: Երբ երեխան ծնվում է, կինը մոռանում է կին լինելու իր պարտականությունը և իրեն տեսնում միայն որպես մայր: Սա գերխնամք է, ամբողջովին նվիրում մի գործի, իրավիճակի ոչ ճիշտ գնահատում: Երկրորդ դեպքում երևույթն ի հայտ է գալիս տղամարդու մեղավորությամբ, երբ իրավիճակը ճիշտ չի գնահատում ամուսինը: Հետծննդաբերական շրջանում կինը մեծ ուշադրության, հոգատարության կարիք է զգում: Այս շրջանում բնական է, որ կնոջ ուշադրությունը, հոգատարությունը առավելապես ուղղված է դեպի երեխան: Սակայն սա արդարացված է միայն այն դեպքում, երբ կինը նույնպես գիտակցում է,որ դա ժամանակավոր է: Որոշ ժամանակ անց, երբ երեխան այլևս նորածին չէ և չի պահանջում այդքան ուշադրություն և լարում, կինը սկսում է գիտակցել նաև իրեն որպես կին»:

Հոգեբանն ասում է, որ տղամարդիկ շատ ավելի ուշ են գիտակցում, զգում իրենց ծնող, քան կանայք: Նախքան մայր դառնալը կանայք անցնում են ֆիզիոլոգիական բոլոր փուլերը, իսկ տղամարդկանց մոտ փոփոխությունը միանգամից է, և դրա համար պահանջվում է ժամանակ, որպեսզի տղամարդը գիտակցի, որ արդեն հայր է: Հետծննդաբերական շրջանում պակասում է նաև կնոջ սեռական ցանկությունը, որի հետևանքով կարող է տուժել նաեւ զույգի սեռական կյանքը: Սա արդեն լուրջ նախազգուշացում է տղամարդուն, որից հետո վերջինս սկսում է փնտրել այս վիճակի պատճառը, որն ըստ երևույթին երեխայի ծնունդն է: Այս հարցում հոգեբանը խորհուրդ է տալիս պարզապես համբերատար լինել, աջակցել միմյանց, որպեսզի կապը զույգի միջև չկտրվի:

Այս հարցին լուծում է առաջարկում հոգեբանը. «Սիրելի կանայք, պետք չէ ծայրահեղացնել որևէ երևույթ: Երեխան իսկապես զգում է Ձեր կարիքը, բայց մի մոռացեք, որ նա ունի նաև հոր կարիք: Մասնակից դարձրեք Ձեր ամուսնուն երեխայի խնամքին: Գուցե նա չի գիտակցում, որ երեխան ունի իր կարիքը, քանի որ ամբողջովին հոգսը վերցրել եք Ձեզ վրա: Թույլ տվեք Ձեր ամուսնուն կարևորել իր հայրական պարտականությունները: Այս դեպքում երեխան կմեծանա երկկողմանի ուշադրության և հոգատարության ներքո, իսկ Ձեր տղամարդն անտեսված չի զգա իրեն»:

Դե իսկ տղամարդիկ պետք է ինչքան հնարավոր է աջակից լինեն կնոջն այս շրջանում: Սխալ է այն կարծիքը, թե երեխայի համար առաջնահերթ է մոր խնամքը: Այստեղ հայրը հավասարապես կարևորություն ունի: Պետք է քաջ գիտակցել, որ առաջին երեխայի ծնունդն ընտանիքում ուղեկցվում է ճգնաժամային իրավիճակով և այդտեղից դուրս գալու ամենակարևոր պայմանը միմյանց հասկանալը, գնահատելն ու սիրելն է: