«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի իսրայելցի մասնակից Մորան Մազորին արգելել են կրել դիզայներ Ջոն Գալյանոյի զգեստը, ում մեղադրել են հակասեմականության համար, հայտնում է Корреспондент-ը։
Իսրայելի հեռուստառադիոհեռարձակման վարչությունից, որը սովորաբար հովանավորում է Իսրայելի մասնակցին, հայտնել են, որ թույլ չեն տա Մազորին ելույթ ունենալ բրիտանացի դիզայների զգեստով։
Նրանց խոսքով, այն, որ Գալյանոն պաշտոնապես ներողություն է խնդրել, չի շտկի ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ բանակցություններ էին տարվում երգչուհու գործակալների և Ջոն Գալյանոյի միջև, որի արդյունքում դիզայները համաձայնվել էր համագործակցել Մորանի հետ։
Հիշեցնենք, որ 2011թ. Գալյանոն հեռացվել էր աշխատանքից հակասեմական արտահայտությունների համար, որոնք նա ասել էր փարիզյան մի սրճարանում։ Տեսաձայնագրությունը, որտեղ նա վիրավորում է սրճարանի այցելուներին և խոստովանում է Հիտլերի նկատմամբ ունեցած համակրանքը, հայտնվել էր համացանցում։