Նախկին մոդել Նիկի Դյուբոզը խոսել է մոդելային ոլորտում աշխատանքային ծանր պայմանների մասին։ Հարցազրույցը, որը հայտնվել է YouTube-ի Real Women / Real Stories ալիքում, գրավել է Daily Mail-ի ուշադրությունը։

36-ամյա ամերիկուհին խոստովանել է, որ չբացահայտված մոդելային գործակալության տնօրենը պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ՝ հայտնի բրենդների հետ համագործակցության դիմաց։ «Երբ նա ինձ բռնաբարեց, գործը շատ էր, բայց եթե հրաժարվում էի, երկար նստում էի առանց նկարահանումների ու ցուցադրությունների»,- դժգոհել է կինը։

Բացի այդ, Դյուբոզը հիշել է, որ աշխատանքային հանդիպումներից մեկում լուսանկարիչը թմրանյութ է լցրել իր ըմպելիքի մեջ, իսկ հետո բռնաբարել է իրեն՝ օգտվելով իր դրությունից։ Կնոջ խոսքով՝ դեպքից հետո իրեն կոտրված է զգացել։

Մոդելը նաև հայտարարել է, որ իր աշխատանքը նորաձեւության ոլորտում իր ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է առաջացրել։ Նյութի հերոսուհու մոտ առաջացել են սնվելու հետ կապված խանգարումներ, անորեքսիա և դիսմորֆոֆոբիա համախտանիշ՝ խանգարում, որի դեպքում մարդը չափազանց անհանգիստ է իր մարմնի աննշան արատով կամ առանձնահատկությամբ:

«Ես կշռում էի ընդամենը 90 ֆունտ (մոտ 40 կիլոգրամ), և մարդիկ ինձ աստվածացնում էին: Նրանք ինձ ասացին, որ ես աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն եմ, բայց իրականում նրանք պարզապես ուզում էին ինձ վրա գումար աշխատել։ Մարդիկ ինձ վերահսկում ու ճնշում էին որպես անձ»,- շեշտել է Դյուբոսը։ «Մենք պետք է համախմբվենք դաժան գործատուների դեմ»,- ասել է նախկին մոդելը: