Կա՞ն արդյոք երջանիկ հարաբերությունների ունիվերսալ բանաձև և տղամարդու ու կնոջ միջև կատարյալ տարիքային տարբերություն:
Երբ սկսում եք հանդիպել ինչ-որ մեկի հետ, ամենայն հավանականությամբ, ձեզ շատ հարցեր կտաք համատեղելիության վերաբերյալ: Օրինակ՝ ունե՞ք ընդհանուր հետաքրքրություններ և արժեքներ, ինչն է ձեզ գրավում միմյանց մեջ և այլն: Այնուամենայնիվ, հաճախ մարդիկ հաշվի չեն առնում բավականին կարևոր գործոն, որի մասին արժե մտածել՝ տարիքային տարբերությունը: Կա՞ տարիքային կատարյալ տարբերություն, որը կապահովի հարաբերություններում հարյուր տոկոսանոց հաջողություն:
Պարզվում է' գիտությունը մեզ ասում է, որ կա այնպիսի տարբերություն, որը կարող է մեծացնել հավիտենական սեր ունենալու ձեր շանսերը: Ըստ Ամերիկյան Էմորի համալսարանի 2018 թվականի հետազոտության՝ մեկ տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերը ամուսնալուծվելու ընդամենը երեք տոկոս հավանականություն ունեն: Մինչև հինգ տարի տարիքային տարբերության դեպքում ամուսնալուծության հավանականությունը բարձրանում է մինչև 18%, մինչև 10 տարեկան՝ 39%, իսկ երբ տարիքային տարբերությունը 20 և ավելի է, ամուսնալուծության մակարդակը մեծանում է մինչև 95%: Հիշեք, սակայն, որ այս վիճակագրությունը պարզապես փորձում է բացահայտել և վերլուծել հարաբերությունների օրինաչափությունները, այլ ոչ թե դրանք ստեղծել: Բացի այդ, հետազոտությանը մասնակցել է ընդամենը 3,374 զույգ: Կյանքում միշտ կան բացառություններ:
Պետք չէ կուրորեն հավատալ վիճակագրությանը և անմիջապես լքել այն մարդուն, ում հետ ընդհանուր լեզու եք գտել, պարզապես այն պատճառով, որ նա ձեզանից չորս, յոթ կամ տասը տարի մեծ է: Բայց, եթե հարաբերություններում ունեք ընդհանուր հետաքրքրությունների հետ կապված խնդիրներ և ձեր միջև զգալի տարիքային տարբերություն կա, ապա արժե հաշվի առնել' արդյոք դա կազդի ձեր համատեղ ապագայի վրա: Հասունությունը հարաբերական հասկացություն է և չափվում է ոչ միայն տարիներով: Ցանկացած առողջ հարաբերությունների մեջ միմյանց հետ բաց և ազնիվ լինելը լավագույն տարբերակն է ապագա տարաձայնություններին պատրաստվելու համար: Կենտրոնացեք այն բանի վրա, որ տարիքային տարբերությունը ձեր միջև խզում չառաջացնի և ընդունեք, որ ցանկացած պահի դուք կարող եք լինել կյանքի տարբեր փուլերում, և դա նորմալ է: Փոխադարձ հարգանքը և բաց հաղորդակցությունը կօգնեն կամրջել ցանկացած անջրպետ:
Ցանկացած հարաբերության հաջողություն կախված է մի քանի հիմնական բաղադրիչներից՝ ընդհանուր համոզմունքներից և արժեքներից, առողջ շփումից և կոնֆլիկտները լուծելու ունակությունից, վստահությունից, մտերմությունից, միմյանց նպատակներին աջակցելու ունակությունից և այլն: Այս բնութագրերից և ոչ մեկը մեծ կապ չունի տարիքի հետ, չնայած երկու մարդկանց միջև տարիքային մեծ տարբերությունը կարող է նշանակել տարբեր աշխարհայացքներ, համապատասխանաբար, նաև հարաբերությունների մասին տարբեր հայացքներ: Այնուամենայնիվ, այնպիսի հայտնի զույգերի օրինակները, ինչպիսիք են Ջորջ և Ամալ Քլունիները (17 տարի), Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը (11 տարի), Ռայան Գոսլինգը և Եվա Մենդեսը (7 տարի), Բեյոնսեն և Ջեյ Զին (12 տարի) , Թինա Կունակին և Վինսենթ Կասելը (30 տարի) ցույց են տալիս, որ հաստատ կան տարիքային մեծ տարբերությամբ ուժեղ ու երջանիկ զույգեր:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիքային տարբերություն ունեցող զույգերը պետք է պատրաստ լինեն բացասական նախապաշարմունքների: Հետևաբար, եթե դուք բավականին զգայուն եք անցանկալի կարծիքի նկատմամբ, պատրաստ եղեք հարցերի և մեկնաբանությունների, որոնք ձեզ կարող են նյարդայնացնող կամ ուղղակի կոպիտ թվալ:
Այո, ըստ գիտնականների, տարիքային մեծ տարբերությունը կարող է լուրջ փորձություն լինել զույգի համար, սակայն հարկ է հիշել, որ պարտադիր չէ, որ տարիքը հարաբերություններում հաջողության կամ ձախողման ցուցանիշ լինի. կան մի շարք այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել: Ի վերջո, ձեր և ձեր զուգընկերոջ միջև տարիքային մեծ տարբերությունը չի տանում հարաբերությունների ձախողման, այլ նշանակում է, որ դուք պետք է մի փոքր ավելի շատ ջանք գործադրեք՝ հարաբերությունները պահպանելու համար: