Միխայիլ Եֆրեմովի նոր փաստաբանը Ռոման Ֆիլիպովն է, Russian Lawyers Company փաստաբանական գրասենյակից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին։ Դերասանը մեղավոր է ճանաչվել մահվան ելքով վթարի գործով։
Իրավաբանը փաստաբանի կարգավիճակ ունի 2014թ.-ից եւ մասնագիտացած է քաղաքացիական ու քրեական իրավունքի ոլորտում։ Նա դերասանի շահերը կներկայացնի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում։
«Ռոման Միխայլովիչն, իսկապես, դարձել է Եֆրեմովի նոր փաստաբանը, նա մտաադրված անջատել է հեռախոսը, քանի որ զանգերի ալիք է սկսվել»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Նախորդ շաբաթ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Եֆրեմովին մեղավոր է ճանաչել մահվան ելքով վթարում եւ նրան դատապարտել ութ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։
Արտիստի պաշտպանն Էլման Փաշաեւն էր, գործի քննության ընթացքում նա ոչ միանշանակ արտահայտություններ է արել, որոնք, պրոֆեսիոնալ համայնքի որոշ ներկայացուցիչների կարծիքով, համատեղելի չեն փաստաբանական էթիկայի հետ։ Արդարադատության նախարարությունն առաջարկել է նրան զրկել փաստաբանի կարգավիճակից։