Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին՝ արքայադուստր Բեատրիսը, օրերս պաշտոնապես ամուսնացել է իտալացի արիստոկրատ Ալեսանդրո Մապելի-Մոցիի հետ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արարողությունը եղել է փակ մամուլի համար, անաղմուկ և համեստ, հրավիրվել են միայն ամենամոտ հարազատները:
Թագավորական ընտանիքի մամուլի ծառայության հաղորդմամբ, 31-ամյա Բեատրիսը պսակադրությանը ներկայացել է վինտաժային զգեստով և Մարիամ թագուհու ընտանեկան տիարայով, որոնք ժամանակին կրել է Եղիսաբեթ II թագուհին:
Ըստ լուրերի, երիտասարդները չեն ցանկացել հարսանիքը հետաձգել մինչև հաջորդ տարի, չնայած ավելի ուշ նրանք կարող էին արքայավայել շքեղ արարողություն կազմակերպել:
Կա վարկած, որ թագավորական ընտանիքը որոշել է օգտվել համավարակից և, այս պատրվակով, միջոցառումն անցկացնել հնարավորինս ոչ հրապարակային՝ ավելորդ ուշադրություն չգրավելու համար: Բանն այն է, որ Բեատրիսի հայրը՝ Յորքի դուքս Էնդրյուն, կրկին հայտնվել է ոտնձգությունների հետ կապված հին սկանդալի կենտրոնում:
2005թ.-ին ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին անչափահասների սեռական շահագործման և բռնաբարությունների մեղադրանքներ են առաջադրվել: Միևնույն ժամանակ, տուժածներից մեկը պնդել է, որ երբ նա 17 տարեկան էր, Էփշթեյնը նրան ստիպել է ինտիմ հարաբերությունների մեջ մտնել իր և այլ տղամարդկանց հետ, այդ թվում՝ արքայազն Էնդրյուի: Միապետի ներգրավվածության մասին որևէ ապացույց չի ներկայացվել, բայց հետագա տարիներին արքայազնը քննադատության է ենթարկվել Էփշթեյնի հետ ընկերական հարաբերությունները չխզելու, իսկ վերջերս նաև հարցազրույցի ժամանակ տուժած աղջիկներին չկարեկցելու համար: