Երգչուհի Անահիտ Սիմոնյանի եւ երաժիշտ Հայկոյի որդին՝ Արմանը, նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով ջերմ գրառում է արել Անահիտ Սիմոնյանը՝ արխիվային լուսանկար հրապարակելով։
«Արման, ուղիղ 9 տարի առաջ այս օրը դու հիմնովին փոխեցիր կյանքս՝ լույս աշխարհ գալով (ի դեպ, լուսանկարն արվել է ծննդատնից դուրս գրվելիս)։ Ես նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ դու այդքան քաղցր ես, խելացի եւ հասկացող, ինչպիսին հիմա դարձել ես… Հիշելով՝ որքան փոքր էիր, անօգնական ու հանգիստ, ես հիմա նայում եմ քեզ ու հպարտանում։ Հպարտանում եմ, որ դու բարի սիրտ ունես, որ սիրում ես կենդանիներ, որ միշտ պատրաստ ես օգնության ձեռք մեկնել կարիքն ունեցողին, որ լավ ես սովորում, որ հարգում ես մեծերին, որ նույնիսկ երբ վիճում ես ընկերներիդ հետ, երկար չես կարողանում նեղացած մնալ եւ պարտադիր հաշտվում ես, որ նույնիսկ համակարգչային խաղերում այնքան արդար ես, որ անարդարության պատճառով կարող ես արտասվել ու դուրս գալ խաղից…
Եվ դու հենց այսպիսին պետք է դառնայիր, որովհետեւ քո ծնողները երբեք ոչ ոքի չարը չեն ցանկացել, չեն վնասել, ստոր քայլեր չեն արել, ոչինչ՝ բացի բարությունից ու մտերիմներին օգնելուց, եւ Աստված, տեսնելով այդ ամենը, պարգեւատրել է քեզանով եւ շարունակում է պարգեւատրել քո բնավորությամբ ու որակներով, որոնք մենք այս տարիքից արդեն տեսնում ու զգում ենք… Հիմա դու արդեն այնքան մեծ ես, որ ինքդ ես որոշում՝ ինչ հագնել, որտեղ նշել տոները, ում հրավիրել… Դու արդեն որոշում ես՝ ինչ ես հագնեմ։ Իսկ ես ընամենը կատարում եմ քո ցանկությունները եւ դա ամբողջ կյանքում կանեմ մեծ սիրով։
Հիմա դու պառկած ես կողքիս, ու ես տաքանում եմ քո ջերմությամբ։ Որովհետեւ հենց դու ես ջերմացնում մայրիկի սիրտը նույնիսկ ամենածանր օրերին… Ես ամենաերջանիկ մայրն եմ միայն այն պատճառով, որ քեզ նման որդի ունեմ։ Եվ Աստված տա, որ դու, ամենակարեւորը, մեծանաս լավ մարդ եւ արժանի հայ։ Իմ սրտի մասնիկ, ուզում եմ, որ դու առողջ լինես եւ ժպտաս, մնացածի մասին մենք հոգ կտանենք… Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է նա։