ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի բնակչուհին կլինիկական մահ է տարել և պատմել իր զգացողությունների մասին: Նրա պատմությունը հրապարակել է The Mirror-ը:
2018 թ. փետրվարին Թինա Հայնսը սրտի կաթված է ստացել: Նրա ամուսինը, Բրայանը, սիրտ-թոքային վերակենդանացում է արել, սակայն կնոջ սիրտը շուտով նորից կանգ է առել: Տղամարդը շտապ օգնություն է կանչել, դեպքի վայր ժամանած բժիշկներն արդեն հիվանդանոցի ճանապարհին մի քանի անգամ վերականգնել են կնոջ սրտի աշխատանքը: Բժիշկների խոսքերով, 27 րոպե ամերիկուհին «գործնականում մահացած է եղել»:
Հիվանդանոցում բժիշկները դեֆիբրիլյատոր են կիրառել և կինը, որին թոքերի արհեստական օդափոխման սարք էր միացված և կաթիլային, գիտակցության է եկել: Նա բժիշկներից թուղթ և գրիչ է խնդրել և գրել. «Դա ճշմարիտ է»: Թինային հարցրել են, թե ինչ նկատի ունի, և նա ցույց է տվել երկինքը:
Երբ ամերիկուհին կարողացել է խոսել՝ նա անդրշիրիմյան կյանքը նկարագրել է այսպես. «Ամեն ինչ այնքան իրական էր, գույները շատ պայծառ էին»: Կինը պնդում է, որ տեսել է Հիսուսին նման մի կերպար, սև դարպասների դիմաց, որից դեղին լույս էր հորդում:
Թինա Հայնսի պատմությունը ներկայացրել է նրա զարմուհին՝ Մեդի Ջոնսոնը: Նրան այնքան է տպավորել մորաքրոջ պատմությունը, որ նա իր դաստակին այդ գրառմամբ դաջվածք է արել: