Հանրահայտ բրազիլացի բուժարար և հոգևոր ուսուցիչ Ժոաո Թեյշեյրա դի Ֆարիան, որն ավելի հայտնի է Ժոաու դի Դեուս անունով, դատապարտվել է 19 տարի 4 ամիս ազատազրկման՝ բռնաբարության համար:
78-ամյա բուժարարը մեղադրվում է չորս հիվանդների բռնաբարության մեջ, նրան նաև 12 նմանատիպ հանցագործություններ են վերագրվում, հայտնում է Globo հեռուստաալիքը:
Կանանց խոսքերով, որոնց պատմությունները անանուն հնչել են հեռուստաալիքի եթերում, Ժոաու դի Դեուսը նրանց հետ սեռական գործողություններ է կատարել «հոգևոր թերապիայի» ընթացքում: Հեռուստաեթերից հետո բուժարարի տասնյակ նախկին հիվանդներ դիմել են լրագրողներին և իրավապահներին և նմանատիպ պատմություններ պատմել:
Հետաքննության համաձայն Ժոաու դի Դեուսը հանցագործությունները կատարել է 1980-ականների վերջից մինչև 2018-ի հոկտեմբերը: Ընդ որում, նրա «հիվանդներից» մեկը 11-ամյա աղջիկ է եղել:
2018-ի դեկտեմբերին բուժարարը ձերբակալվել է: Դի Դեուսը հերքում է իր մեղքը: Նրա պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Բուժարարը հայտնի է ոչ միայն Բրազիլիայում: Ըստ BBC-ի, մի քանի տարի առաջ օգնության համար նրան է դիմել ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին: Բացի այդ, Ժոաու դի Դեուսի հետ հանդիպել են նաև քաղաքական գործիչներ, այդ թվում Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը և Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: