Շատերիս հայտնի է Մեռլին Մոնրոյի արդեն թևավոր դարձած խոսքը, որ կինը կարող է գրավել ամբողջ աշխարհը ընդամենը կրելով բարձրակրունկ կոշիկներ: Ժամանակակից գիտնականները փորձեցին հասկանալ, թե արդյո՞ք կապ կա բարձրակրունկ կոշիկների և կնոջ սեքսուալության միջև:
Հենց այսպիսի հետազոտություն նախաձեռնեց Բրետանի համալսարանի ֆրանսիացի հոգեբան Նիկոլյա Գեգենը: Գեգենը եկավ այն եզրակացության, որ, իրոք, տղամարդկանց աչքերում բարձրակրունկ կոշիկներ կրող կինը ավելի գրավիչ և սեքսուալ է երևում, քան այն կինը, ով չի կրում բարձրակրունկ կոշիկներ: Իր հիպոթեզը հաստատելու համար Գեգենը անցկացրեց մի գիտափորձ, որի ժամանակ խնդրեց կանանց կրել 0.5 սմ, 5 սմ և 9 սմ կրունկ ունեցող կոշիկներ: Այդ կանայք պետք է փողոցում համոզեին արական սեռի անցորդներին մասնակցել հարցման ու տեսնեին, թե նրանցից քանիսը հարցման կմասնակցեն:
Այսպիսով, 0.5 սմ կրունկով կոշիկներ կրող կանանց հաջողվեց համոզել հարցմանը մասնակցել տղամարդկանց 46.7%-ին, 5 սմ-ի դեպքում արդյունքը 63% էր, իսկ 9 սմ-ի դեպքում հարցմանը ցանկացել են մասնակցել տղամարդկանց 83%-ը:
Նիկոլյա Գեգենը նշում է, որ այս պարզ փորձի շնորհիվ պարզ է դառնում, որ բարձրակրունկ կոշիկները կանանցի գրավչության կարևոր տարրերից մեկն են: