Բոլորը գիտեն, թե ինչ վտանգներ է կրում առանց պաշտպանության «ավանդական» սեքսը։ Հնարավո՞ր է, որ օրալ շփումը հանգեցնի բերանի լորձաթաղանթի վնասման և հիվանդությունների։

Շատերը համարում են, որ օրալ սեքսն ավելի ապահով է, և դրանում ճշմարտության հատիկ կա։ Այն չի հանգեցնում անցանկալի հղիության, և վարակվելու հավանականությունն էլ չնչին է։ Բերանի լորձաթաղանթը բնական պատնեշ է, որն արգելում է վարակի մուտքն արյան մեջ, իսկ թուքն օգնում է պայքարել մանրէների դեմ։

Այդուհանդերձ, նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում օրալ սեքսը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, որոնք երկարատև բուժում են պահանջում։ Ի՞նչ պետք է իմանալ առողջությունը պահպանելու համար։

Մեխանիկական վնասվածք
Հաճախ օրոգենիտալային շփման ընթացքում տուժում է լեզվի սանձիկը։ Այն հպվում է ատամներին և վրան փոքրիկ կտրված է ի հայտ գալիս։ Այդ դեպքում պետք է սպասել մինչև այն լիարժեք ապաքինվի, հակառակ դեպքում շարունակական վնասումը կարող է հանգեցնել մանրէային բորբոքման, ինչը լուրջ հետևանքներ է ունենում և երկարատև բուժում պահանջում։

Վարակիչ հիվանդություններ
Եթե զուգընկերներից մեկն ունի հերպես, գոնորեա, քլամիդիոզ և վեներական այլ հիվանդություններ, ապա չպաշտպանվելու դեպքում մյուս զուգընկերը կարող է վարակվել։ Հաճախ ի հայտ է գալիս ֆարինգիտ և տոնզիլիտ՝ կոկորդի և նշագեղձերի լորձաթաղանթի ախտահարում, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, կոկորդի ցավով և անգամ բերանի տհաճ հոտով։

Որոշ դեպքերում ախտահարվում են նաև լնդերը, որոնց վրա փոքր վերքեր են ի հայտ գալիս։ Այդպիսի ախտանշանների առաջացման դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել․ այն կարող է բարդացնել ախտորոշումը։

Կանդիդոզ
Բերանի խոռոչի կանդիդոզը սնկային հիվանդություն է, որը սովորաբար առաջանում է ցածր իմունիտետի պատճառով։ Հնարավոր է վարակվել, եթե զուգընկերն ունի սեռական օրգանների կանդիդոզ։ Ախտանշաններն են՝ քիմքի, այտերի, լեզվի վրա նկատվող սպիտակ փառ, որն ուղեկցվում է կոկորդի բորբոքմամբ և ցավով։ Այդ դեպքում պետք է առանց վարանելու դիմել բժշկի և անհրաժեշտ հետազոտություններ կատարել։

Ծանր հետևանքներ՝ կոկորդի քաղցկեղ, սիֆիլիս, ՁԻԱՀ
Կոկորդի քաղցկեղի պատճառներից մեկը մարդու պապիլլոմավիրուսն է, որը նույնպես փոխանցվում է օրոգենիտալային շփման ընթացքում։

Հիմնական ախտանշանները՝ ձայնի խռպոտություն, առատ թքարտադրություն, հազվադեպ են անհանգստացնում, ինչի պաճառով էլ հիվանդն ուշ է դիմում բժշկի։ Ուշ փուլերում առաջանում է ցավ, հազ, ձայնի կորուստ, դժվարանում է շնչառությունը։

Օրալ սեքսի ընթացքում հնարավոր է վարակվել նաև սիֆիլիսով ու ՁԻԱՀ-ով։ Այդ դեպքում բերանի լորձաթաղանթի վրա տարաբնույթ ախտահարումներ են դիտվում։ Սիֆիլիսի դեպքում, օրինակ, շրթունքի վրա անցավ վերք է հայտնվում, որը որոշ ժամանակ անց ինքնուրույն անցնում ՝ կասկածի տեղիք չտալով և հետաձգելով ախտորոշումը։

ՁԻԱՀ-ի դեպքում մարդու իմունիտետը թուլանում է, ինչի պատճառով մեծանում է վարակների առաջացման հավանականությունը, բերանի խոռոչում բորբոքումներ, վերքեր, թարախակալումներ են առաջանում, լնդերն անսպասելիորեն արնահոսում են և այլն։

Ինչպե՞ս կանխել
Գլխավոր խորհուրդը՝ հրաժարվել անծանոթ, պատահական զուգընկերոջ հետ չպաշտպանված օրալ սեքսով զբաղվելուց։ Սովորական պահպանակը կամ կանանց համար նախատեսված լատեքսային անձեռոցիկը զգալիորեն կնվազեցնեն վարակվելու հավանականությունը։

Անպայման պետք է պահպանել բերանի խոռոչի հիգիենան, ամեն օր լվանալ ատամները և ատամնաբույժի այցելել տարին երկու անգամ։ Ցանկացած բորբոքում, վերք, լնդի արնահոսություն մեծացնում է արյան մեջ վարակի հայտնվելու հավանականությունը։

Ավելի լավ է խուսափել օրալ սեքսից, եթե զուգընկերոջ սեռական օրգանների վրա կարմրածություն, ցան կամ փառ կա։ Չի կարելի կուննիլինգուս անել դաշտանի օրերին։

Խորհուրդ է տրվում օրալ սեքսով չզբաղվել նաև ատամների ու լնդերի բուժումից հետո, ինչպես նաև ատամները մաքրելուց հետո մեկ ժամվա ընթացքում։ Սեռական ակտից հետո պետք է մանրակրկտորեն ողողել բերանը հակամանրէային լուծույթով։

Հարկավոր է չկորցնել զգոնությունը, առաջին իսկ կասկածի դեպքում բուժզննում անցնել։