Հեծանվամարզասարքի վրա մարզումները կարող են կանանց օգնել նիհարել անգամ հետդաշտանադադարի շրջանում: Այս մասին հայտնում են Սիդնեյի համալսարանի գիտնականները:

Դաշտանադադարի ժամանակ և հետո հորմոնալ խանգարումների պատճառով կանանցից շատերի օրգանիզմը սկսում է ավելորդ քաշ հավաքել, որը բացասաբար է անդրադառնում նրանց առողջական վիճակի վրա: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ընդամնեը 2 ամսում կարելի է արդյունավետորեն նիհարել շաբաթական ընդամենը 3 անգամ հեծանվամարզասարքի վրա մարզվելով:

Հետազոտությանը մասնակցել է հետդաշտանադադարի փուլում գտնվող 40 կին, որոնք ավելորդ քաշ են ունեցել և քիչ շարժունակ կենսակերպ են վարել: Կանանց բաժանել են 2 խմբի, որոնցից մեկում ընդգրկվածները գիտնականների հանձնարարությամբ պետք է պարբերաբար մարզվեին հեծանվամարզասարքի վրա: Մյուս խմբում ընդգրկվածները չեն մարզվել:

Հեծանվամարզասարքերի վրա մարզումների 8 շաբաթից հետո (շաբաթական 3 անգամ) կանանց մոտ գրանցվել է մկանային զանգվածի մեծացում և ճարպայինի՝ նվազում: Մասնավորապես՝ ոտքերի և իրանի մկանային զանգվածը մեծացել է 0,7 կգ-ով, իսկ ճարպը կրճատվել է 0,4 կգ-ով: Ընդ որում՝ մեծացել է նաև օրգանիզմի դիմացկունությունը:

Մեկնաբանելով նիհարելու գործում հեծանվամարզասարքի վրա մարզումների արդյունավետությունը՝ գիտնականները նշել են, որ փորձի արդյունքները համոզիչ ապացուցում են, որ նույնիսկ ոչ այնքան ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը նիհարելուն կարող է նպաստել:

«Ցանկացած վարժությունն ավելի լավ է, քան ոչինչ չանելը: Կարելի է սկսել քչից և ակտիվությունն աստիճանաբար մեծացնել»,- նշել է հետազոտության հեղինակ Յատի Բութչերը:

med.news.am