ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Արհեստական բանջարեղենը բեռնատարով շրջել է Միացյալ Նահանգներով՝ գովազդելու համար Այդահոյի կարտոֆիլի արտադրությունը, սակայն ճամփորդության ավարտից հետո նախաձեռնության հեղինակները չեն իմացել ինչպես վարվել դրա հետ:
Փոքր տների կառուցմամբ զբաղվող Քրիստի Վուլֆը, որը 2 տարի ճամփորդել է հսկա բանջարեղենի հետ, առաջարկել է այն վարձով տան վերածել, և առաջարկն ընդունվել է:
Ապրիլի 22-ին տեղի է ունեցել Big Idaho Potato Hotel անունը ստացած տնակի բացման արարողությունը: Լուսանկարները տեղադրվել են Այդահո նահանգի Կարտոֆիլի արտադրության հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:
«Սա հրաշալի հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ուզում են իմանալ, թե ինչ զգացողություններ ես ունենում կարտոֆիլի ներսում գտնվելով՝ ի տարբերություն նրա, երբ կարտոֆիլն է քո ներսում»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Վարձով կացարանը տեղադրվել է Airbnb առցանց հարթակում: Հայտարարության համաձայն՝ այն նախատեսված է 2 հոգու համար և օրական 200 դոլար արժե: