Դերասան Վահագն Գալստյանի եւ Շուշան Ղազարյանի անձնական կյանքն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկումների կենտրոնում է: Նրանց բաժանության շուրջ ասեկոսեները երկար ժամանակ է` տարածված են, սակայն նրանցից եւ ոչ մեկը պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր գալիս: Սակայն Վահագնը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով իր նոր ընտրյալի լուսանկարները, անխոս հաստատեց, որ ինքն ու Շուշանը ամուսնալուծվել են, իսկ ավելի ուշ հարցազրույցներից մեկում լուրը հաստատեց նաեւ Շուշանը: Զույգերի այս քայլից հետո համացամցում մեկնաբանությունների տեսքով բուռն քննարկումներ է սկսվել, շատերը վստահ են` դերասան ամուսինների բաժանության հարցում մեղավորը Վահագնի նոր սիրելին է` Լուսինեն:
 
Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Վահագն Գալստյանի հետ:
 
«Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել, նա ոչ մի կապ չունի իմ բաժանության հարցում, սա ես հայտարարում եմ պաշտոնապես: Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից շատ հետո, սակայն մարդիկ սրա վրա չեն կենտրոնացել, եւ իրենց կյանքը թողած, ապրում են ուրիշների կյանքով եւ անհեթեթ մտքեր են արտահայտում: Իմ ընտրյալը շատ բարոյական մարդ է, բոլորն էլ ինձ ճանաչելով` գիտեն, թե ով եմ, ու ինչպիսին պետք է լինի իմ սիրելին: Ես գլուխս բարձր քայլում եմ, շարունակում եմ ապրել իմ քաղաքում, նույն Վահագն Գալստյանն եմ` տարբերությամբ, որ հիմա սիրահարված եմ Լուսինեին»,- ընդգծեց Վահագնը:
Դերասանը հրաժարվեց նշել նախկին կնոջ հետ բաժանաության պատճառները, նաեւ հավելեց, որ իրենց բաժանությունը շուտով նաեւ թղթաբանությամբ կհաստատվի: 
 
Ինչպես հայտնի է` Վահագն ու Շուշանը երկու երեխա ունեն: Հարցին, թե ծնողների բաժանությունն ինչպե՞ս է անդրադառնում նրանց վրա, Վահագնը նշեց.
 
«Նախ ուզում եմ խնդրել բոլորին, որ իրենց կարծիքները արտահայտելիս մի պահ հիշեն, որ մենք երեխաներ ունենք, ովքեր հաճախում են դպրոց: Կարծում եմ` մարդիկ պետք է քիչ ավելի զուսպ լինեն իրենց խոսքերում: Ինչ վերաբերվում է իմ ու երեխաներիս կապին, միանշանակ, ես միշտ նրանց հայրություն եմ արել եւ չեմ պատրաստվում դրանից հրաժարվել, քանզի դա սրիկայություն կլինի իմ կողմից: Այս հարցում ես հիացած եմ նաեւ Լուսինեով, նա ինքն էլ հաստատ չէր հարգի ինձ, եթե երեխաներիս հետ հարաբերությունս խզեմ: Երեխաներս շատ հաճախ են իմ տանը լինում, մենք շատ մտերիմ ենք: Նրանք ծանոթ են նաեւ Լուսինեի հետ, եւ ի զարմանս ինձ` երեքն էլ իրար շատ լավ են վերաբերվում: Ես նույնիսկ չէի սպասում, որ այդքան ջերմ ու ընկերական կապ կունենան: Այս հարցում էլ եմ հիացած Լուսինեով, ով ինձ սիրելով` իսկապես շատ լավ է վերաբերվում իմ երեխաներին: Ես իմ զավակներիս շատ եմ սիրում, եւ չի կարող նույնիսկ քննարկվել, թե ամուսնալուծությունից հետո կհրաժարվեմ իմ ձագերից»:
Վահագնը խուսափեց խոսել նաեւ իր եւ Լուսինեի ծանոթության մասին, նա միայն նշեց, որ իրենց ամուսնությունը շատ չի ուշանա:
Ի դեպ` Լուսինեն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,  երգչուհի է, Վահագնի խոսքով`ինքն ամեն ինչ կանի, որ սիրելին շարունակի երգել: