Դեկտեմբերի 18, 19-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ժամը 19:00-ին տեղի է ունենալու Հայկ Պետրոսյանի նոր՝ «ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացումը, որին որպես հատուկ հյուրեր՝ հրավիրված են Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը և Միքայել Ոսկանյանը: Life.panorama.am-ը զրուցել է Հայկի հետ՝ համերգ-ներկայացման խորագրի ընտրության, նախապատրաստական աշխատանքների և այլ մանրամասների մասին:

 

«Անվան հետ կապված՝ փորձել ենք բառախաղ անել, ըստ որի՝ այն կապված է նաև իմ անվան հետ: Այսինքն՝ համերգ-ներկայացման ժամանակ փորձելու եմ ներկայացնել Նոր տարին իմ պատկերացմամբ, իմ կատակներով և երգերով: Այն ավելի շատ ոչ թե ներկայացում է լինելու, այլ հենց համերգ, որն ուղեկցվելու է կենդանի երաժշտությամբ, ինչպես նաև ընթացքում իրենց կատարմամբ հանդիսատեսին կներկայանան Նաիրա Գյուրջինյանի երգչախմբի սաները»,-պատմեց Հայկ Պետրոսյանը:

 

Վերջինս խոստովանեց, որ իր համերգ-ներկայացման ժամանակ սպասվում է նաև անակնկալ, իսկ թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Հայկը հրաժարվեց պատասխանել.

 

««ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացման ողջ ընթացքում տիրելու է ամանորյա մթնոլորտ և տրամադրություն: Լինելու են շատ գեղեցիկ դեկորներ, որոնց շնորհիվ հանդիսատեսն իրեն կզգա ինչպես իր տանը: Պատրաստել ենք նաև անակնկալ, սակայն այս պահին չեմ ցանկանում փակագծերը բացել՝ ասելով, թե ինչի մասին է խոսքը: Ամեն ինչ պարզ կլինի հենց ներկայացման օրը»,- նշեց Հայկ Պետրոսյանը:

 

Հայկի խոսքով՝ այդ երկու օրերի ընթացքում նա իր հանդիսատեսի հետ միասին կփորձի ամփոփել, ինչպես նաև վերլուծել 2017թ-ը.

 

«Համեգ-ներկայացման գլխավոր թեման, իհարկե, Ամանորն է: Բայց չէ որ Ամանորը միայն տարվա վերջին օրով չի ասոցացվում: Նոր տարվա թեման դա առաջին հերթին անցած տարին ամփոփելն է, վերհիշելն է այն բոլոր իրադարձությունները, որոնք եղան տարվա ընթացքում կամ, օրինակ, թե ինչ նոր բաներ ավելացան կին-տղամարդ հարաբերություններում այս գլոբալիզացվող աշխարհում: Բնականաբար, նաև հայացք ենք նետելու դեպի ապագա, չէ որ Ամանորին մարդկանց մոտ հետաքրքիր մի զգացում է առաջանում, որը կապված է կյանքը նորից սկսելու հետ: Այսինքն՝ խոսքս, կատակներս և երգերս լինելու են անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ»,- մանրամասնեց դերասանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։