Ի՞նչ են խոսում. «Կարգին սերիալը» ավարտվում է, և տղաները' Հայկոն ու Մկոն, հեռանում են հեռուստատեսությունից:
Իրականում. վերջերս սկիզբ առած այս խոսակցությունների մասին նախ ցանկացանք մեկնաբանություն ստանալ սերիալի ռեժիսոր Արման Մարությանից, ով նշեց, որ իրենց ծրագրերում սերիալն ավարտին հասցնելու մասին մտածել են. «Չէինք ուզում շարունակել, որովհետև կարծում եմ' ամեն բան պետք է լավ նոտայի վրա ավարտվի, ու պետք է ժամանակին հեռանալ: Սակայն հեռուստաընկերության խնդրանքով մի եթերաշրջան ևս' մինչև ամառ կլինենք եթերում»:

«Կարգին սերիալի» կենտրոնական դերակատարներից մեկն էլ' Մկոն, ավելացրեց, որ հումորային սերիալն ավարտելը պայմանավորված էր նոր աշխատանք սկսելով: «Մտածում էինք այս սերիալն ավարտել ու նոր բան սկսել, սակայն ընթացքում չհասցրեցինք զբաղվել նոր նախագծի աշխատանքներով, իսկ զուգահեռ նոր բան անելը դժվար կլիներ»,- նկատեց Մկոն' տեղեկացնելով, որ ոչ թե մեկ, այլ մի քանի նախագծեր ունեն, և պարզ չէ' դրանցից որն առաջինը կիրագործեն: Նրա խոսքերով' հնարավոր է և´ հեռուստատեսային նոր աշխատանք, և´ բեմի հետ կապված նոր բան. գուցե նաև նոր ֆիլմ լինի: Թեև հստակ որևէ բան որոշված չէ, սակայն այս տարի տղաների կողմից անակնկալ հաստատ կլինի: Այս ամենից պարզ է դառնում, որ «Կարգինի» տղաները հաստատ լինելու են եթերում :)