«Կարգին սքեթչերի» նախապատրաստական աշխատանքների մասին ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է մինչ հաղորդման եթեր հեռարձակվելը: Մոտ մեկ ամիս է, ինչ հաղորդումը եթերում է և այս ընթացքում եղան «Կարգինի» աշխատանքը ոչ միայն գովաբանողներ, այլև այն չընդունողներ: Հաղորդման նոր հերոսներին' Անդոյին և Ռաֆոյին , շարունակաբար համեմատում են նախկին դեմքերի' Հայկոյի և Մկոյի հետ:

Այս մասին փորձեցինք խոսել Անդոյի և Ռաֆոյի հետ: Անդոն խոսեց այս թեմայով և տվեց իր գնահատականը կատարված աշխատանքին, իսկ Ռաֆոն ասաց, որ այս շրջանում չի ցանկանում որևէ հարցազրույց տալ:

Անդոյի փոխանցմամբ' քննադատություններ շատ չի լսել իրենց հասցեին. «Բանականաբար և՛ լավ արձագանքներ կան, և՛ վատ: Վատ այն առումով, որ մարդիկ սպասում էին տեսնել Հայկոյին և Մկոյին, սակայն այլ մարդկանց տեսան: Մարդիկ գրում են' Հայկոն ու Մկոն ուրիշ էին, հա, էլի որ, Հայկոն ու Մկոն ուրիշ էին,- ասաց Անդոն և հավելեց, որ սկզբնական շրջանում քննադատություններն ավելի շատ էին: -Հիմնականում այնքան զբաղված ենք լինում, որ չենք հասցնում հետևել քննարկումներին: Երբեմն մեկնաբանություններում ենք որոշ բաներ կարդում: Ամեն դեպքում դեռ չեմ լսել շատ կոպիտ կամ վատ քննադատություն, իսկ առողջ քննադատությունը շատ կարևոր է»:

Թեև «Կարգին հաղորդումն» ու «Կարգին սքեթչերը» նույն ձևաչափով են, այժմ հաղորդման մեջ ներառված են նաև նախապատրաստական աշխատանքների կադրերը, ինչն, ըստ Անդոյի, լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում: «Եթե կան մարդիկ, ովքեր չեն սիրում, կարող են չնայել: Այսօր լսարանը ընտրության մեծ հնարավորություն ունի: Ամեն դեպքում հաղորդումը մեծ լսարան ունի»,- ասաց Անդոն' նշելով, որ առողջ քննադատության դեպքում փորձում են ավելի աշխույժ և ոգևորված աշխատել, որպեսզի վերջ դնեն դրանց:
Անդոն հայտնեց, որ բարձր է գնահատում իրենց արած աշխատանքը. «Առավոտից երեկո տանջվում ենք, սակայն չենք բողոքում: Օրերը թեև հոգնեցուցիչ, սակայն շատ հետաքրքիր են անցնում: Հասկանում ենք, որ լավ բանի համար ենք հոգնում, ոչ թե վատ»:

Ըստ Անդոյի' այս շրջանում աշխատում են շատ խիտ գրաֆիկով. սքեթչերում նկարահանվելուն զուգահեռ Կամերային թատրոնում հանդես են գալիս ներկայացումերով. «Որևէ բան չպետք է խանգարի թատրոնին, քանի որ թատրոնի աշխատանքն ուրիշ է: Մենք մեզ ավելի լավ ենք զգում թատրոնում»:
Անդոն տեղեկացրեց, որ առաջիկայում այլ նախագծերով էլ կներկայանան, որոնց փակագծեը բացել դերասանն առայժմ չցանկացավ:

 

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը