Armlur.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Չճանաչվելու տարբերակ չունեի»
Կարող եմ վստահաբար ասել, որ հայ հանրության լայն զանգվածների կողմից ճանաչվեցի «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո: Նախագիծը երկու տարի էկրաններին էր, եւ ես չճանաչվելու տարբերակ չունեի: Ամեն դեպքում, երբեւէ հատուկ չեմ ձգտել հայտնի դառնալ: Չեմ երազել, օրինակ, մի առավոտ արթնանալ ու հոլիվուդյան աստղի չափ ճանաչում ունենալ: Հիշում եմ, որ սերիալում նկարահանվելու տարիներին, բացի նկարահանման հրապարակից տուն եւ տնից հրապարակ գնալուց, չէի հասցնում ոչ մի տեղ լինել: Եվ երբ մի անգամ հաջողվեց զբոսնել փողոցում, հասկացա, որ այն, ինչով զբաղվում եմ, տվել է իր պտուղները. մարդիկ ճանաչում էին ինձ:
«Ես մոդել չեմ, այլ դերասանուհի»
Գոհ եմ իմ երկրպագուներից, որոնց մեջ կան նաեւ հասուն, կայացած մարդիկ: Նրանք այնքան համախմբված են, միշտ անակնկալներ են մատուցում տոն օրերին, հետաքրքրվում են իմ պլաններով: Ասել, թե հայտնիությունը ինձ խանգարում է, սուտ կլինի: Ուղղակի լինում են պահեր, երբ ուզում ես ուշադրության կենտրոնում չլինել` ոչ լավ, ոչ վատ առումով: Ինքս փորձում եմ ինձ վրա ուշադրություն բեւեռել` կատարածս աշխատանքի միջոցով: Չեմ ուզում դա անել` համացանցում ակտիվություն ցուցաբերելով կամ անընդհատ նոր ֆոտոշարքեր ներկայացնելով: Ես մոդել չեմ, դերասանուհի եմ եւ մարդկանց պետք է գրավեմ իմ խաղով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում