Exclusive
Լրագրողուհի, հաղորդավարուհի Նանե Արզումանյանը որոշել է ուժերը մեկ այլ՝ դերասանական ոլորտում փորձել: «Անցյալ». այսպես է կոչվում այն հեռուստասերիալը, որի գլխավոր դերում սիրված հեռուստահաղորդավարուհին հանդիսատեսին կներկայանա մեկ այլ ռակուրսից.
«Սերիալում մոտավորապես մեկ տարի առաջ եմ սկսել նկարահանվել: Դրանից առաջ մի քանի գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ ստացել եմ, ու էլի գլխավոր դերեր են առաջարկել, բայց ես մերժել եմ՝ մտածելով, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի. ես մասնագիտությամբ լրագրող եմ և որևէ առնչություն չունեմ դերասանական ոլորտի հետ: Բայց ժամանակներն ու մարդկային մտածելակերպը փոխվում են: Ինձ համար պրոֆեսիոնալ մարդիկ՝ թե՛ իմ սերնդակիցները, թե՛ նոր սերնդի ներկայացուցիչները այս ոլորտից ինձ քաջալերեցին, ոգևորիչ խոսքեր ասացին, և ես մտածեցի՝ ինչու ոչ, կարելի է նաև այս ասպարեզում ուժերը փորձել», - Past.am-ի հետ զրույցում նշեց Նանեն:
50 սերիայից բաղկացած սերիալի պրեմիերան տեղի կունենա մայիսին:
«Սերիալում ես մարմնավորում եմ գլխավոր կերպարին, ով նույնպես Նանե անունն է կրում: Համաձայնեցի հենց այս դերով մուտք գործել դերասանական ասպարեզ, քանի որ այստեղ ես բացարձակապես չեմ խաղում: Կերպարս բավականին մոտ է ինձ իրական կյանքում՝ աղջիկ, ով սեփական ուժերով՝ միայնակ, առանց ծնողների կամ ինչ-որ մարդկանց օգնության, հասնում է ամեն ինչի ու պայքարում այն աղջիկների դեմ, ովքեր փորձում են խանգարել իր գործունեությանը:
Խաղընկերս Հայկ Աֆրիկյանն է, ով մտածում է, որ Նարեն կարիերիստ է, ու սկսվում են դժվարությունները: Հակինթ Բաղդասարյանը ֆիլմում մարմնավորում է իմ պրոդյուսերին: Դերասանական կազմից կուզենայի առանձնացնել նաև նոր սերնդից Կոլյա Եղիազարյանին, ում շատերը որպես դերասան չեն ճանաչում, բայց, կարծում եմ, իր սերնդակիցների մեջ նա որակական առումով շատ է տարբերվում»:
Նանեի խոսքով՝ դերասանական կրթություն չունենալն, այնուամենայնիվ, փոքրիկ բարդություններ է ստեղծել իր առջև, որոնք կարողացել է պատվով հաղթահարել.
«Սկզբնական շրջանում ես կարծում էի, որ ոչինչ չեմ կարող անել, բայց երբ հասկացա, որ կերպարն ինձ հոգեհարազատ է, ամեն ինչ հեշտացավ: Ինձ նաև իմ հաղորդավարական ու լրագրողական դիկցիան էին խանգարում, բայց աստիճանաբար դրանք էլ սկսեցին շտկվել, ինչում ինձ շատ օգնեցին իմ կոլեգաների խորհուրդները: Այս առումով երախտիքի ամենամեծ խոսքս Հակինթ Բաղդասարյանինն է, քանի որ նրա ընդամենը «Դու կարող ես և վերջ» խոսքերը շատ մեծ ազդեցություն ունեցան:
Դերասանի կարիերա սկսելուն զուգահեռ Նանեն չի պատրաստվում մոռանալ իր հիմնական մասնագիտությունը.
«Այս պահին մեկ այլ հեռուստաընկերությունից առաջարկ կա՝ նոր, շատ մեծ պրոյեկտի, որը, մի փոքր չակերտները բացեմ, ինտելեկտուալ մրցույթի ձևաչափով է լինելու: Բացի դրանից՝ մեկ այլ պրոյեկտ էլ կա, որը ես եմ վարելու: Նույն հեռուստաընկերությամբ կցուցադրվի նաև ֆիլմ, որի գլխավոր դերերից մեկում դարձյալ ես կլինեմ»:
Մարիամ Նալբանդյան