Այս տարի փետրվարի 11-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը: Այն տևում է 48 օր' Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 31-ին:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են նաև որոշակի կերակուրներից, մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելը, առանց մեղքից հետ կանգնելու, անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում»,-ասում է Ս. Գրիգոր Տաթևացին:

Lurer.com-ը փորձեց պարզել, թե հայտնիներից Նադեժդա Սարգսյանը, Սոֆի Մխեյանը և Նազիկ Ավդալյանը պահք պահում են, թե ոչ, և ինչ խորհուրդ ունի Մեծ պահքը նրանց համար:

Սոֆի Մխեյան

-Եղել է տարի, երբ ողջ Մեծ պահքի շրջանը պահել եմ, սակայն անցյալ տարի միայն վերջին մեկ շաբաթվա ծոմն եմ պահել:
Շատ խորհրդավոր էր այն, որ ապրիլի 8-ին՝ հենց ծննդյանս օրը, դուրս եկա ծոմից: Գնացի եկեղեցի, մասնակցեցի պատարագին: Անբացատրելի զգացողություն էր:

Շատ կարևորում եմ Մեծ պահքի խորհուրդը. սա այն դեպքն է, երբ մարդ չպետք է բացատրի' ինչու է անում, ինչպես է անում, քանի որ պահքը նաև թելադրում է իր սննդակարգը:

Այս տարի չեմ պահել, քանի որ նախապես արդեն համերգներ ունեի նախատեսած, իսկ բեմում ելույթ ունեցող արտիստների համար կարող է խնդիրներ առաջացնել այն հանգամանքը, թե քո օրգանիզմն այդ պահին ինչպես կընկալի սննդակարգի փոփոխությունները: Ուստի համերգներիս պատճառով հասկացա, որ գուցե պահքի սննդակարգով չկարողանամ ստանալ այն էներգիան, որը ձայնի հետ կապված խնդիրների չի հանգեցնի:

Բայց, կարծում եմ՝ վերջին մեկ շաբաթը կկարողանամ կրկին ծոմ պահել:

Միայն ջուր եմ խմում այդ շրջանում: Իսկապես հետաքրքիր է այդ հանգստությունն ու մաքրությունը, որի մեջ ընկղմվում ես պահքի շնորհիվ:

Իսկ առհասարակ պետք է խոստովանեմ, որ պարտադիր չէ՝ պահք լինի, որ լինեմ եկեղեցում, մասնակցեմ պատարագի: Երբեմն շատերը զարմացած հայացքով են նայում, երբ տեսնում են, որ ժամեր շարունակ սիրով վայելում ես այն:

Ամեն մարդ ունի իր որոշումները, որոնք կյանքի ընթացքում կայացնում է և պահպանում: Ես պահքի միջոցով չէ, որ պետք է ինքս ինձ վրա կարգուկանոն հաքստատեմ: Փորձում եմ անկախ այդ ամենից «չվնասել» ո'չ ինձ, ո'չ իմ կողքի մարդկանց:

Նադեժդա Սարգսյան

Պետք է խոստովանեմ, որ երբևէ պահք չեմ պահել:

Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե դա ինչով է պայմանավորված: Ուղղակի գիտեմ, որ ամենակարևորն իմ հավատքը պահպանելն է: Իսկ Պահքին չհետևելը թերևս բացատրեմ նրանով, որ երևի վախեցել եմ պահքի սննդակարգը պահպանել չկարողանալուց, խոստումս չկատարելուց: Եթե պետք է այն խախտեմ, ավելի լավ է խոսք չտամ:

Ինչ վերաբերում է հոգևոր մասին, ապա իմ հավատքն այնքան շատ է, որ պահքը չէ, որ պիտի ինձ ճիշտ ճանապարհի վրա դնի:
Ես չեմ ընդունում, երբ բարձրաձայն ճչում են այն մասին, թե պահք են պահում, դա ձևականություն է, երբեք դա չեմ ընդունել:

Ավելի լավ է' երբ իմ հոգում զգամ դրա կարիքը, զգամ, որ կարող եմ մինչև վերջ պահել, այդ ժամանակ նոր պահեմ:

Նազիկ Ավդալյան

-Մինչ մարզումներս սկսելը՝ 17-18 տարեկանը, հիշում եմ, որ մայրիկիս և տատիկիս օրինակին հետևելով' պահում էի պահք: Նրանց շնորհիվ է, որ միշտ կարևորել եմ պահքի խորհուրդը, և ինքս ել, չնայած այն ժամանակ դեռահասության տարիքում էի, բայց հետևում էի նրանց: Ու դա բնավ ձևականություն չէր: Իսկապես զգում էի հոգևոր հանգստության, մաքրազերծման կարիքը: Եվ դա ինձ հաջողվում էր ստանալ պահքի միջացավ: Մի տեսակ անբացատրելի զգացում է:

Իսկ սննդակարգին հետևելիս մեծ դժվարությունների չեմ հանդիպել. գիտեի, որ պահքի մեջ եմ, ուստի փորձում էի զգոն լինել և չխախտել սննդակարգը, ու ասեմ' այնքան էլ դժվար չէր:

Ինչ վերաբերում է հոգեպես մաքրվելուն, որի մեջ մտնում էին մի շարք մեղքեր, այդ թվում' օրինակ չստելը, չբարկանալը, հիմա, ճիշտ է, լավ չեմ հիշում, սակայն փորձում էի հնարավորինս չխախտել:

Հակոբյան Ռուբինա