Ցանկացած կին, երբ իրեն որևէ տղամարդ է դուր գալիս, ցանկանում է իմանալ տվյալ զգացմունքի փոխադարձ լինելու մասին: Եվ շատ հաճախ ցանկալին իրական ընդունելով՝ իրեն ուղղված յուրաքանչյուր անմեղ հայացք, յուրաքանչյուր բառ, հաճոյախոսություն կամ առաջարկ լուրջ զգացմունքների ակնարկ է հասկանում:
Պարզապես պետք է գիտակցել, որ նույնիսկ աննշան համակրանքի դեպքում տղամարդիկ ևս հակված են սիրախաղ անել և ուշադրության նշաններ ցուցաբերել: Այժմ պարզենք յոթ հիմնական հատկանիշներ, որոնք ակնհայտորեն վկայում են, որ տվյալ անձը սիրահարված է ձեզ։
Նախ, ցանկացած սիրահարված մարդ աչքի է ընկնում թեթև և հիանալի տրամադրությամբ, աչքերից երջանկություն է ճառագում, իսկ ուրախ կատակներն ամենուր են։ Այս առումով տղամարդիկ ևս բացառություն չեն:
Երկրորդ․ սիրահարված տղամարդն անընդհատ առիթ է փնտրում տվյալ կնոջ հետ շփվելու համար։ Ցանկացած մանրուք առիթ է, որպեսզի նա մոտենա և որևէ հարց քննարկի կամ պարզապես խոսի: Նա անպայման կզանգահարի կամ կգրի ձեզ:
Մտածեք, արդյո՞ք նա կարող էր այդ զանգը կամ հարցը շրջանցել։ Եթե այո, ապա նշեք։
Երրորդ․ փորձը ցույց է տալիս, որ սիրահարված տղամարդն իրեն ավելի շատ է հետևում։ Եթե նկատում եք, որ նա փոխել է իր սանրվածքը, կամ պարզապես ավելի մանրակրկիտ է հետևում մազերին, փոխել է հագուստը, ավելի հմայիչ ու գեղեցիկ է դարձել, ապա իմացեք, որ նա սիրահարված է (կամ առնվազն շատ ուժեղ հետաքրքրված):
Չորրորդ նշանը, երբ նա ցանկանում է Ձեզ ծանոթացնել իր ընկերների և ընտանիքի հետ: Դա նշանակում է, որ նա ձեզ թույլ է տալիս իր անձնական տարածքը մտնել։
Նույնիսկ եթե դրա մասին դուք չեք խնդրել։
Հինգերորդ․ մյուս կանայք որպես սեռական ցանկության օբյեկտ դադարում են նրա համար գոյություն ունենել: Նա այլևս չի նայում անցնող աղջիկներին և միայն ձեզ է տեսնում։ Բացի դա, սիրահարված տղամարդը ժամանակը ձեզ հետ անցկացնելու համար իր բոլոր գործերը կարող է հետաձգել:
Վեցերորդ․ նա անընդհատ իր օգնությունն է առաջարկում՝ ցանկանալով ձեզ հաճույք պատճառել և մեկ անգամ ևս ձեզ հետ լինել։
Յոթերորդ․ նա ամենայն անկեղծությամբ հետաքրքրվում է ձեր գործերով, անձնական կյանքով, հաճախ է հարցնում ձեր մանկության մասին, նայում է ձեր մանկական նկարները, հետաքրքրվում ձեր ծնողներով։
Հավատացեք, այս ամենը նրա զգացմունքների խոսուն վկաներն են։ Եվ վերջինը, դա ցանկացած անկեղծ կնոջ սեփական ինտուիցիան է։ Ի վերջո, որոշ տղամարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն համապատասխանում այս յոթ կետերին։ Այստեղ ձեզ կարող է օգնել զգալու և տեսնելու ունակությունը։ Նայեք նրա աչքերին, միգուցե այնտեղ կտեսնեք ձեր առջև բացվելու սեփական անզորության թախիծը։