Վարդուհի Վարդանյան՝ հայկական շոուբիզնեսի ամենապայծառ, դրական ու բարի մարդկանցից մեկը, ով արդեն տասը տարի է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նրա ընկերներն այս տարիների ընթացքում ամեն բան անում են, որպեսզի երգչուհու հիշատակը վառ մնա հանրության սրտում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգը, որին ներկա էին հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ BlogNews-ը ներկայացնում է միջոցառման բոլոր մանրամասները։

 

Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը, սակայն միջոցառումը կառուցված էր նոն-ստոպ ձևաչափով։ Որքան էլ Վարդուհու մասին պատմությունները շատ են, նրա ընկերները որոշեցին այս անգամ ասելիքն արտահայտել միայն երգով։

 

«Պարադոքսալ մի երևույթ է, երբ երգչուհու մահից տասը տարի անց դեռ կարողանում ենք պրեմիերաներ անել։ Դա անում ենք շնոհիվ իր ընկերների։ Արման Աղաջանյանի համակարգիչը պահում էր տեսանյութ, որը դարձավ տեսահոլովակ և որքան էլ տաօրինակ է հնչում այսօր կարող ենք պրեմիերա ներկայացնել Վարդուհի Վարդանյանից»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Ավետն ու հավելեց, որ զգացողությունները շատ խառն են։ «Ուրախանում ենք, որ ունեցել ենք Վարդուհի, վշտում, որ կորցրել ենք Վարդուհի։ Զգացողությունները շատ սահմանային են։ Մենք վշտացած դեմքով չենք հիշում Վարդուհուն՝ չնայած տրագեդիկ ավտովթար էր։ Երբ բոլորեց իր մահվան տասը տարին, գերեզմաններից գնացինք իրենց տուն։ Անգամ այդ ժամանակ, միևնույն է, այդ ծիծաղը, ժպիտը, պատմությունները մեզ տարան լիովին այլ դաշտ։ Ինքն անգամ իր մահից հետո մեզ թողել է այն ծիծաղն ու ժպիտը, որով ապրում էր։ Ամենակարևորը, որը ես ցանկանում եմ ունենան բոլոր արտիստները՝ ինքն իր վրա ծիծաղելու արվեստն է»,- ավելացրեց նա։

 

Երգչուհի Սիրուշոն կատարեց «Էսիքզները» Վարդուհու երգացանկից, որն ընդգրկվել է նաև իր երգացանկում և «Մեզ ոչինչ չի բաժանի» հեղինակային երգը, որը տարիներ առաջ գրել էր սիրելի ընկերուհու հիշատակին։

 

«Այդ շրջանում այս երգն արտահայտման միակ ձևն էր։ Բոլորը գիտեն՝ Վարդուհին ինչ մեծ դեր ունի իմ կյանքում։ Նա այնքան պայծառ մարդ էր՝ բառի ամբողջ իմաստով, որ նրան հիշելիս, կրկին ապրում ես այդ դրական զգացողությունը։ Այնքան լուսավոր էր, որ հիշելիս ակամայից ժպիտ է առաջանում դեմքիդ, միաժամանակ՝ թախիծ։ Երբևէ հանդիպածս ամենադրական մարդկանցից էր։ Այնքան հիշողություններ ունեմ նրա հետ կապված։ Երկար տարիներ գրեթե ամեն օր միասին էինք։ Մենք անընդմեջ ծիծաղում էինք, չգիտեմ նույնիսկ ինչի վրա էինք այդքան ծիծաղում։ Օրուգիշեր աշխատում էինք... դրանք հայկական երգարվեստում դժվար տարիներն էին, երբ ես էլ էի դեռ նոր ճանապարհ հարթում։ Ամեն օր համերգների ու հյուրախաղերի էինք։ Եղել են դեպքեր, որ ստուդիայում աշխատել ենք մինչև լուսաբաց կամ մեքենայով երկար ճանապարհներ ենք գնացել։ Անքուն շատ գիշերներ ունեցել միասին, սակայն մի վայրկյան անգամ վատով չեմ հիշում այդ ամենը, ու դա նաև իր շնորհիվ էր»,- հետնաբեմում պատմեց Սիրուշոն ու հավելեց,- ուրախ եմ, որ այսքան մարդ հավաքվել և եկել է իրեն տոնելու։ Նա այնպիսի մարդ էր, ում պետք է տոնել, միշտ լավ էմոցիաներով հիշել։ Հուսով եմ՝ կկարողանամ հանդիսատեսին փոխանցել այն էներգիան, որն ինքն էր կարողանում փոխանցել։

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: