Հոկտեմբերի 1-ին Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի ունեցավ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի միակ դստեր պսակադրությունը, «Վասպուրական» ռեստորանային համալիրում էլ՝ հարսանյաց հանդեսը: Հաղորդավարուհին իր ուրախությամբ առաջինը կիսվեց Aysor.am-ի հետ:
«Նրանք նշանադրվեցին սիրո տոնին՝ Տեառընդառաջին, իսկ ամուսնությունը որոշվեց հոկտեմբերի 1-ին, քանի որ Լոս Անջելեսից հյուրեր ունեինք թե՛ ես, թե՛ տղայի ծնողները: Փեսաս հիանալի երիտասարդ է: Դաստիարակված է, աշխատող, կնոջը հարգող: Զբաղվում է բիզնես գործունեությամբ: Առաջին իսկ հանդիպումից նրան շատ եմ համակրել»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դ. Ակոպովնան:
Երիտասարդները պսակադրվել են տղայի ընտանիքի ամենահարազատ մարդկանցից մեկի քավորությամբ:
Սրահում ներկա են եղել մոտ 160 հոգի՝ ընկերներ, գործընկերներ ու հարազատներ: Ճանաչված հյուրերի թվում էին Նիկոլայ Ծատուրյանը, Կարո Բալյանը, Ռոզի Ավետիսովան, Սոնա Շահգելդյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ավետիսյանը, Արաբո Իսպիրյանը, Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանը, Նանան, Անահիտ Շահբազյանն ամուսնու՝ Կարեն Զադիրյանի հետ, Վարդան Սարգսյանը, Գրիշա Գրիգորյանը, Արփինե Բեկջանյանը և այլք: Երաժշտական մասը, որպես DJ, ապահովում էր Սերգեյ Սարգսյանը, հաղորդավարի պաշտոնն էլ իր ուսերին էր վերցրել Արթուր Կարապետյանը:
«Հարսի առաջին տանգոն Սարգիս Ավետիսյանի երգի ներքո էր, տորթը կտրելիս էլ Անահիտ Շահբազյանն ու ամուսինը դուետով հանդես եկան… Գիտեք, այն փաստից, որ ունենալով ընկերական մեծ շրջապատ, ոչ բոլորին եմ կարողացել հրավիրել, դեռ նեղվում եմ: Շատ շատերից անձամբ ներողություն եմ խնդրել ու բացատրել, համոզված եմ՝ խնամիներս նույնպես այդկերպ են վարվել: Ասեմ, որ մեր կողքին էին ամենամտերիմները: Հրավիրել էի իմ ամենամոտ երգիչներին, ովքեր ինձ հետ հավասար կիսել են ուրախությունս, Իննայիս ճանաչում են դեռ մանկուց»,-ընդգծեց հաղորդավարուհին:
Նորահարսը՝ Իննա Կարապետյանը, վերջին շրջանում ձևավորված ավանդույթի համաձայն, անակնկալ մատուցեց կողակցին:
«Նա ՀՏ Հայկոյի եղբոր՝ Միկայի ստուդիայում երգ էր ձայնագրվել: Պարի բեմադրությամբ էլ զբաղվել էր իմ անփոխարինելի ընկերուհի Վիկա Մարտիրոսյանը»:
Դինա Ակոպովնան նվերների հարցում շռայլ է եղել. միակ դստերը նվիրել է ադամանդի 21 քարերով պատված ոսկե մատանի, փեսային՝ ոսկե վզնոց:
«Այդ մատանին ինքս նվեր եմ ստացել, երբ աղջիկս ծնվեց: Հիմա այն իրենն է: Հուսով եմ, ավանդական ուղի կանցնի»,-նշեց նա:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչպիսի՞ «խնամի» է Դինա Ակոպովնան և ինչպե՞ս են փեսա-զոքանչ հարաբերությունները, մեր զրուցակիցը ժպիտով ու հուզմունքով պատասխանեց.
«Ես ինձ պաշտոնական ո՛չ խնամի եմ զգում, ո՛չ էլ զոքանչ: Բոլորովին այլ հոգեբանություն ունեմ: Վստահ եմ՝ նրանք երբեք լարվածություն չեն զգա ինձ հետ շփումից, ես պահանջներ չունեմ: Միայն անձամբ խնդրել եմ, որ իմ ձագին լավ պահեն: Ես նրան միայնակ եմ պահել, մեծացրել, դաստիարակել ու այսօր մուրազիս հասել: Ասեմ, որ փեսաս ինձ անունով է դիմում՝ Դիան ջան: Այ դա ես եմ պահանջել, չէ՞ որ իր ավագ ընկերն եմ»:
Հարսանեկան խնջույքից անմիջապես հետո՝ կեսգիշերին, նորապսակները 3 օրով ուղևովել են Ծաղկաձոր: Նկատառմանը՝ վերադարձից հետո առանձի՞ն, թե ծնողների հետ են բնակվելու, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Նրանք կապրեն փեսայիս հայրական տանը, նրա ծնողների ու միակ քույրիկի հետ միասին, ինչի համար ես շատ ուրախ եմ»:
Դինա Ակոպովնան իր դստրիկից միայն մեկ պահանջ ունի, ինչի մասին բարձրաձայնել է հարսանիքի նախօրեին.
«Ես 21 տարի քնել եմ իմ ձագի կողքին: Մեր տանը եղած վերջին օրը նրանից միայն պահանջել եմ, որ հարգի ու գնահատի մեծերին, ամուսնուն, ապրի նոր ընտանիքի տան օրենքներով: Ես շատ զոհաբերությունների եմ գնացել հանուն իմ բալի, ժամանակն է գնահատել ու հասկանալ: Երբ տեսնեմ նրանց միշտ միասին ու երջանիկ, կյանքս կերկարի: Անկեղծ ասած՝ երբեք չեմ մտածել, որ այսքան կլացեմ, անհանգիստ կլինեմ: Չեմ կարող բացատրել՝ ինչ եմ ապրել: Ուզում եմ, որ բոլոր մայրերը երջանկանան իրենց զավակների պսակադրությամբ»,-Aysor.am-ի հետ զրույցում ստովանեց Դ. Ակոպովնան: