Լոս Անջելեսի դատարանն արգելել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփին մոտենալ իր նախկին կնոջը ՝ Էմբեր Հերդին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ Դեփը կասկածվում է Հերդին ծեծի ենթարկելու մեջ, ինչից արդյունքում վերջինիս երեսին բռնության հետքեր են մնացել: Դատավորը նաև արգելել է դերասանին շփվել նախկին կնոջ հետ մինչ լսումները, որոնք նշանակված են հունիսի 17-ին:

 

Հերդի խոսքերով՝ Դեփն անցած շաբաթ օրը նրա երեսին է շպրտել բջջային հեռախոսը, ինչից հետո Հերդի երեսին մնացել են կապտուկներ: Նա նաև պատմել է, որ նախկին ամուսինը քաշում էր նրա մազերից, գոռում նրա վրա և պարբերաբար հարվածում:

 

Դերասանուհին ճշտել է, որ դեպքի ժամանակ Դեփը գտնվում էր ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ: Դատավորը մերժել է Հերդի խնդրանքը՝ պարտավորեցնել Դեփին այցելել բարկությունը կառավարելու դասընթացների: Ավելի ուշ Դեփի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրավիճակը: Նա ասել է, որ դերասանը չի պատրաստվում քննարկել իր մասին տարածվող սուտ տեղեկությունները և հույս ունի շուտափույտ լուծել կոնֆլիկտը:

 

Ավելի վաղ Էմբեր Հերդը Ջոնի Դեփին ամուսնալուծության դիմում էր ներկայացրել: Նրանց ամուսնությունը տևել է մոտ մեկ տարի: