Ապրիլի 12-ին Նարեկացի Արվեստի Միությունում հայ ավանդական երաժշտության բացառիկ ծրագրով ելույթ կունենա «Ծիրանի» անսամբլը:

 

Վերջիններիս նպատակն է ներկայացնել հայ երաժշտությունն իր տարբեր շերտերով, այդուհանդերձ հասանելի լինելով մերօրյա ունկնդրին՝ բավարարելով թե՛ խստապահանջ երաժիշտի, թե՛ պատահական ունկնդրի ճաշակը:

 

Գեղջկական երգերը, միջնադարյան տաղերը, գուսանական, աշուղական երաժշտությունը՝ հայ երաժշտություն անվամբ շղթայի տարբեր մասնիկներն են, որի ամեն մի օղակն իր ժամանակահատվածն ու տարածաշրջանն ունի, իր ուրույն պատմությունը:

 

Անսամբլը ստեղծվել է 2012 թ.:

 

Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ է եղել՝ դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես է եկել որպես մենակատար-գերիշխող գործիք: Իսկ ահա 2014 թվականին խումբը համալրվել է երգիչներով: Անսամբլի առաջին համերգային ծրագիրը մեծամասամբ կազմել է կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը: Անսամբլի կազմում են՝ Արտակ Ասատրյանը (սոլո դուդուկ), ով նայև անսամբլի գեղարվեստական ղեկավարն է, Գեորգի Մինասյանը (դուդուկ, շվի), Դավիթ Ավագյանը (թառ), Մարիամ Միրզոյան (ուդ), Գոռ Ղալմուխյանը (հարվածային), Սեյրան Ավագյանը (երգիչ), Էկա Հորստկան (երգչուհի):