Շվեդիայից 21-ամյա Քոնրադ Աներուդն այնքան նման է հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին, որ չի կարող հանգիստ հայտնվել հանրության մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով dni.ru-ն, աշխարհի բոլոր երկրներում մարդիկ հարձակվում են տղայի վրա' բղավելով «Լեո»: Քոնրադին տեսնելիս ոմանք շոկի մեջ են ընկնում, մյուսները նետվում են դեպի նա: Դի Կապրիոյի հետ նմանությունն այնքան մեծ է, որ դժվար է հավատալ, որ նա հոլիվուդյան դերասանը չէ, այն էլ' 20 տարի երիտասարդ է:
Քոնրադն ապրում է Շվեդիայում, աշխատում է որպես մոդել և բարմեն, զբաղվում է երաժշտությամբ և Instagram-ի էջ վարում, որտեղ նա արդեն ավելի քան 40 հազար հետևորդ ունի:
«Երբեմն շատ դժվար է լինում, երբ մարդիկ ինձ Լեո են անվանում, այլ ոչ թե իմ անունով: Սակայն դա զվարճալի է, նա գեղեցիկ է: Երբ ես արտերկիր եմ գնում, այդ ժամանակ սկսվում են իսկական փորձությունները։ Նախորդ ամառ ես Իտալիայում էի: Ես նույնիսկ մտածում էի ամբողջությամբ մազերս սափրելու մասին: Դա քաոս էր: Մարդիկ ամենուր բղավում էին «Լեո», անընդհատ ցանկանում լուսանկարվել ինձ հետ: Դա իմ կյանքի ամենախելագար փորձն էր»,- շվեդական Nyheter թերթի հետ զրույցում ասել է Աներուդը: