Ճանաչված օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ով բուժման կուրս է անցնում գլխուղեղի քաղցկեղի հայտնաբերումից հետո, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմ դուրս կգա նոր թատերաշրջանի ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին նշում է արտիստի պաշտոնական կայքը:

 

«Բուժման կուրսը հաջողությամբ անցնելուց հետո, Դմիտրի Խվորոստովսկին մտադիր է այս ամիս բեմ վերադառնալ կոմս դի Լունայի դերում՝ Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի բեմադրությունում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն բեմադրությունում հանդես կգա Լեոնորայի դերում, իսկ տրուբադուր Մանրիկոյի դերը կկատարի Յանգուն Լին։ Այն կներկայացվի ընդամենը 3 անգամ՝ սեպտեմբերի 25-ին, 29-ին և հոկտեմբերի 3-ին։ Դրանից հետո Խվորոստովսկին կվերադառնա Լոնդոն՝ բուժման համար։

 

Հունիսի 25-ին Դմիտրի Խվորոստովսկու մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հիվանդության պատճառով արտիստը մինչև ամառվա վերջ հետաձգել էր համերգները: Ռուս բարիտոնն այս տարի հասցրել է հանդես գալ Հայաստանում՝ ‹‹Պատերազմական տարիների երգեր›› խորագրով երեկոյի ընթացքում: