«Սայաթ-Նովա» օպերան կրկին կհայտնվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: 2012-2013 թթ. բեմի վերանորոգումից և վերազինումից հետո Ալեքսանդր Հարությունյանի երեք գործողությամբ օպերան ապրիլի 17-ին երկար դադարից հետո առաջին անգամ կներկայացվի հանրությանը: Այս մասին  տեղեկացրեց օպերային թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանը:

 

«Սայաթ -Նովա» օպերան առաջին անգամ ներկայացվել է Երևանում և Բաքվում 1960-ականների վերջերին: Նոր բեմադրությամբ պրեմիերան կայացել է 2011թվականին: Բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը, բեմադրող դիրիժորը` ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը:

 

«Վերին աստիճանի տաղանդավոր երաժշտություն է` շատ անկեղծ և մեծագույն վարպետությամբ գրված: Դու անմահացրել ես և Քեզ, և Սայաթ-Նովային: Նրան դուրս բերել «սազանդարների» հարթությունից: Դու բարձրացրեցիր այդ մեծ երգասացությունն անհավատալի բարձունքի»,-օպերայի մասին հեղինակին ասել է Արամ Խաչատրյանը: