Ամերիկյան հայտնի հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուներին զայրացրել է վերջինիս մասնակցությունը հղի կանանց մոտ տոքսիկոզի նշանները հանող հաբերի գովազդին: Այս շաբաթվա սկզբին Քիմը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում դեղամիջոցի շիշը պահում է ձեռքում: Հայտնի է, որ ժամանակին այն արգելված է եղել. կասկածվում էր, որ այն բնածին արատներ է առաջացնում երեխաների մոտ, սակայն 1980թ. տվյալ դեղորայքից հանվել են սահմանափակումները:
Հեռուստաաստղի գրառումը սկսվում է հետևյալ խոսքերով. «Աստված իմ» և պատմում է, թե ինչպես հղիության ընթացքում Քիմի մոտ սկսվել է տոքսիկոզ, որը տանջել է նրան ամբողջ ժամանակ: Քարդաշյանը պատմել է, որ փորձել է տարբեր դիետաներ և դեղամիջոցներ, սակայն դա նրան չի օգնել: Արդյունքում բժիշկը դուրս է գրել դեղահաբեր, և նա գոհ է մնացել՝ ասելով, որ այդ դեղերը վտանգավոր չեն երեխայի առողջության համար:
Մեկ օր անց, դեղարտադրողը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, որում շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանին` իր արտադրանքի մասին նման դրական արձագանքի համար: «Մենք հպարտ ենք, որ մեր հաբերը փրկում են նման աստղային մորը տոքսիկոզից»,- գրված էր հաղորդագրության մեջ:
Գրառումից անմիջապես հետո Քարդաշյանը մեծ թվով բացասական մեկնաբանությունների է արժանացել, որոնցում նրան մեղադրել են գումարի հետևից ընկնելու և ապագա մայրերի և չծնված երեխաների առողջության հանդեպ արհամարհական վերաբերմունքի մեջ: