Madiamall.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հարցազրույց երիտասարդ և խոստումնալից մոդել Սեդա Բաղդասարյանի հետ, ում հաճախ կարելի է տեսնել տարբեր ցուցադրություններին:
-Սեդա, հաճախ ենք Ձեզ տեսնում նորաձևության տարբեր ցուցադրություններին: Մի փոքր պատմեք Ձեր մասին, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել մոդելային գործունեությամբ:
-20 տարեկան եմ, սովորում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Մասնագիտությամբ ապագա դիզայներ եմ: Մասնագիտությունս ոչ մի կապ չունի մոդելային գործունեության հետ: Անկեղծ ասած, կարծում եմ` յուրաքանչյուր աղջիկ, թեկուզ մի ակնթարթ մտածել, երազել կամ պատկերացրել է իրեն պոդիումով քայլելիս կամ ֆոտոխցիկների առաջ նկարահանվելիս:
Չնայած երբեք չեմ բարձրաձայնել այս մասին, բայց իմ մասին կասեմ, որ, այո, ես էլ փոքր տարիքում սիրում էի միացնել fashion ալիքներ, ընդունել մոդելի կեցվածք և քայլել սենյակի մի կողմից մյուս կողմը: Այդ ասպարեզում հայտնվելս շատ պատահական է եղել, չնայած հետագայում ոչ մի նախաձեռնություն չեմ արել մոդել դառնալու համար: Մոդելային գործակալությունը, նկատելով ֆեյսբուքյան իմ էջում հրապարակված ոչ պրոֆեսիոնալ լուսանկարներս, ինձ համագործակցության առաջարկ արեց, և ես ընդունեցի այն:
-Իսկ Ձեզ համար մոդելային գործունեությամբ զբաղվելը աշխատա՞նք է, թե՞ պարզապես նախասիրություն:
- Աշխատանք չի կարելի ասել, որովհետև մի ամիս կարող է շատ բուռն իրադարձություններ լինեն նորաձևության հետ կապված, իսկ հաջորդ ամիս` ճիշտ հակառակը: Պարզապես այդ բնագավառն ինձ շատ հարազատ է:
-Դուք նաև մասնակցել եք հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանի` վերջերս տեղի ունեցած նոր՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությանը: Պատմեք մի փոքր այդ ցուցադրության մասին:
-Ցուցադրությունը տեղի է ունեցել Պատմության թանգարանում, որը շատ հետաքրքիր շունչ էր հաղորդում թե’ մեզ, թե’ հյուրերին: Ցանկանում էինք բոլորի դատին ներկայացնել հին հայկական մշակույթի տարրերը իրենց մեջ կրող ժամանակակից հագուստներ, ստեղծվեցին հետաքրքիր և նորաոճ համադրություններ, որոնք ամբողջացնում էին ձեռագործ ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններն ու Սիրուշոյի «Pregomesh» զարդերը:
- Ո՞րն է կնոջ ձեր իդեալը:
-Իդեալներ չունեմ, չեմ փորձում նմանվել ոչ ոքի, բոլորս էլ կարող ենք շատ բան սովորել, թեկուզ պատահական անցորդից:
-Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կնոջ ոճը:
-Առաջին հերթին պետք է ունենալ սեփական ոճը և տարբերվել մյուսներից, չնմանակել ոչ մեկին, հետևել նորաձևության կանոններին և միևնույն ժամանակ կրել այն, ինչ սազում է տվյալ կնոջը:
-Շատերին կհետաքրքրի`արդյոք զբաղված է ձեր սիրտը:
-Սիրտս ազատ է: