Madiamall.am-ը ներկայացնում է երիտասարդ և գեղեցկուհի մոդել Սեդա Բաղդասարյանին, ում հաճախ կարելի է տեսնել տարբեր ցուցադրություններին:

 

-Սեդա, հաճախ ենք Ձեզ տեսնում նորաձևության տարբեր ցուցադրություններին: Մի փոքր պատմեք Ձեր մասին, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել մոդելային գործունեությամբ:


-20 տարեկան եմ, սովորում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Մասնագիտությամբ ապագա դիզայներ եմ: Մասնագիտությունս ոչ մի կապ չունի մոդելային գործունեության հետ: Անկեղծ կլինեմ, կարծում եմ` յուրաքանչյուր աղջիկ, թեկուզ մի ակնթարթ մտածել, երազել կամ պատկերացրել է ինքն իրեն պոդիումով քայլելիս կամ ֆոտոխցիկների առաջ նկարահանվելիս:

 

Չնայած երբեք չեմ բարձրաձայնել այս մասին, բայց իմ մասին կասեմ, որ, այո, ես էլ փոքր տարիքում սիրում էի միացնել fashion ալիքներ, ընդունել մոդելի կեցվածք և քայլել սենյակի մի կողմից մյուս կողմը:Այդ ասպարեզում հայտնվելս շատ պատահական սկիզբ ունեցավ, չնայած հետագայում ոչ մի նախաձեռնություն չեմ արել մոդել դառնալու համար: Մոդելային գործակալությունը, նկատելով ֆեյսբուքյան իմ էջում հրապարակված ոչ պրոֆեսիոնալ լուսանկարներս, ինձ համագործակցության առաջարկ արեց, և ես ընդունեցի այն:

 

 

-Իսկ Ձեզ համար մոդելային գործունեությամբ զբաղվելը հիմնական աշխատա՞նք է, թե՞ պարզապես նախասիրություն:


-Հիմնական աշխատանք չի կարելի ասել, որովհետև մի ամիս կարող է շատ բուռն իրադարձություններ լինեն նորաձևության հետ կապված, իսկ հաջորդ ամիս` ճիշտ հակառակը: Պարզապես այդ բնագավառն ինձ շատ հարազատ է:

 


-Դուք նաև մասնակցել եք հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանի` վերջերս տեղի ունեցած նոր՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությանը: Պատմեք մի փոքր այդ ցուցադրության մասին:


-Ցուցադրությունը տեղի էր ունեցել Պատմության թանգարանում, որը շատ հետաքրքիր շունչ էր հաղորդում թե մեզ, թե հյուրերին: Ցանկանում էինք բոլորի դատին ներկայացնել արդեն մեր օրերում կյանքի կոչված հին հայկական մշակույթը, ստեղծվեցին հետաքրքիր և նորաոճ համադրություններ, որոնք ամբողջացնում էին ձեռագործ ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններն ու Սիրուշոյի Pregomesh զարդերը:

 


-Կնոջ ձեր իդեալը:


-Իդեալներ չունեմ, չեմ փորձում նմանվել ոչ ոքի, բոլորս էլ կարող ենք շատ բան սովորել, թեկուզ պատահական անցորդից:

 


-Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կնոջ կերպարը:


-Առաջին հերթին պետք է ունենալ սեփական ոճը և տարբերվել մյուսներից, չնմանակել ոչ մեկին, հետևել նորաձևության կանոններին և միևնույն ժամանակ կրել այն, ինչ սազում է տվյալ կնոջը:

 

 

-Շատերին կհետաքրքրի`արդյոք զբաղված է ձեր սիրտը:


-Սիրտս ազատ է: