Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին պատմող «Մնացեք Քարդաշյանների հետ» (Keeping Up With The Kardashians) շոուի 10-րդ եթերաշրջանը լի է անակնկալներով: Հայաստան կատարած այցի հաղորդման անոնսից, երկրորդ երեխայի մասին լուրերից բացի, կիրակնօրյա թողարկման ժամանակ Քարդաշյանները բացահայտել են իրենց հետ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները: Պատահարի ժամանակ մեքենայի մեջ են եղել Քիմ Քարդաշյանը, փոքրիկ Նորթ Ուեսթը, Քայլի Ջեները և Քլոե Քարդաշյանը: «Որպես մայր՝ սա ամենասարսափելի բանն է, որ կարող է մեքենայում պատահել քո երեխային»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Քիմ Քարդաշյանը' պատահարը նկարագրելով, որպես իր կյանքի ամենասարսափելի իրադարձությունը:

 

Ավտովթարի ժամանակ մեքենայի վրա տեսախցիկներ են ամրացված եղել, որոնք էլ տեսագրել են պատահարը: Այն տեղի է ունեցել ձմռան արձակուրդներին, Մոնտանայում: Ղեկի առաջ նստած Քլոե Քարդաշյանը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, երբ այն հարվածել է ինչ-որ սառցաբեկորի:

 

«Եթե միայն տեսնեիք Նորթի արձագանքը: Որպես մայր՝ ես որոշեցի պաշտպանել իմ դստերը և հանեցի այդ դրվագը»,- կիրակնօրյա թողարկման տեսանյութում փոքրիկի արձագանքի բացակայությունը պատճառաբանել է Քիմ Քարդաշյանը: