Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը տեղափոխվել է ամերիկյան հիվանդանոց այն բանից հետո, երբ վնասվածք է ստացել համերգի ընթացքում, հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Մեքսիկայի Տիխուանա քաղաքում: Այնտեղ կայացած համերգի ժամանակ Իգլեսիասը փորձել է բռնել անօդաչու թռչող սարքը, որի վրա տեսախցիկ է տեղադրված եղել: Դրա հետևանքով վնասվել են Իգլեսիասի մատները:
Չնայած վնասվածքին, երգիչը շարունակել է ելույթը: Համացանցում է հայտնվել լուսանկար, որը ցույց է տալիս անգամ վիրակապումից հետո արնահոսող աջ ձեռքը, որն Իգլեսիասը բեմում պահել է իր թիկունքում: Արյունոտված է եղել նաև Էնրիկեի շապիկը:
Երգչին տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոց: