The Beatles խմբի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Մակարտնին, գլխավորել Է Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի ամենահարուստ երաժիշտների վարկանիշը, որն ամեն տարի կազմում Է The Sunday Times թերթը: Չնայած այն բանին, որ լիվերպուլյան քառյակի հայտնի բաս-կիթառահարը եւ վոկալիստն արդեն ավելի քան տասը տարի չի զբաղվում ակտիվ ստեղծագործական գործունեությամբ, նրա ունեցվածքը գնահատվում Է 730 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,1 միլիարդ դոլար), ինչը 20 միլիոն ֆունտով (30 միլիոն դոլարով) ավելի Է 2014 թվականի համեմատությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հաղորդել Է Press Association գործակալությունը:

 

Առավել ունևոր երաժիշտների երկրորդ հորիզոնականում անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերն Է՝ 975 միլիոն դոլարով: Առաջատարների եռյակը եզրափակում Է իռլանդական U2 ռոք-խումբը, որն իր գոյության ընթացքում վաստակել Է 646 միլիոն դոլար: Վարկանիշի հաջորդ տեղերում են երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը (405 միլիոն դոլար) և The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը (337,5 միլիոն դոլար):

 

Նրանց հաջորդում են անգլիացի կիթառահար և երգերի հեղինակ Քեյթ Ռիչարդսը (315 միլիոն դոլար), պարուսույց, երաժիշտ եւ պրոդյուսեր Մայքլ Ֆլեթլին (292 միլիոն դոլար), 8 – 9-րդ տեղերում են The Beatles-ի նախկին հարվածային, երգերի հեղինակ Ռինգո Սթարը (270 միլիոն դոլար) եւ բրիտանացի երաժիշտ Սթինգը: Այս վարկանիշում 10-րդ հորիզոնականն զբաղեցրել Է բրիտանացի ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ Ռոջեր Ուոթերսը (240 միլիոն դոլար): Ամբողջական ցուցակը կհրապարակվի ապրիլի 26-ին The Sunday Times-ում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, բրիտանական շոու-բիզնեսի ամենահարուստ գործիչների վարկանիշում Մակարտնիի դիրքերն զգալիորեն ամրապնդվել են 2011 թվականի հոկտեմբերին ամերիկուհի ձեռնարկատեր Նենսի Շեւելի հետ նրա հարսանիքից հետո: Աստղային զույգի ընդհանուր ունեցվածքում նրա ավանդը կազմել Է 225 միլիոն դոլար: