Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմի ռուսերեն թրեյլերը համացանցում է: Այն հասանելի է Youtube տեսահոսթինգում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսերեն թրեյլերում ներկայացված են ֆիլմի ուշագրավ տեսարանները: «Դուք չեք կարող խուսափել անցյալ ից».հենց այս կարգախոսն ունի նոր ֆիլմը: ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:


 

Ֆիլմը կհայտնվի նաև հայկական կինոէկրաններին: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին:

Ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

 

«Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջիայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Այս ֆիլմը հիշողության մասին է՝ ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին »,- նշված է ֆիլմի կայքում:


Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ»,  «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից: