Երևանյան ժամանցի վայրերից մեկում ամեն շաբաթ կազմակերպվում է բարեգործական համերգ-երեկո, որից հավաքված ողջ հասույթը տրամադրվում է հիվանդ կամ անապահով ընտանիքից որևէ երեխայի: Այս մասին ESem.am-ի հետ զրույցում հայտնեց սույն ժամանցի վայրի տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Նրա խոսքով` Մեծ Պահքի շրջանը որոշել են օգտագործել բարեգործական նպատակով և սկսել են «Բարության 40 օր» խորագրով ծրագիր:
«40 օր տևողությամբ «Բարության 40 օր» իրադարձության առաջնային նպատակը Մեծ Պահքի օրերը բարի նպատակների և հանրօգուտ գործունեության համար օգտագործելն է»,- հայտնեց սույն նախագծի ղեկավարը: Ըստ նրա՝ ծրագրի սկիզբն ազդարարել են Բարեկենդանի տոնակատարությամբ և ամփոփվելու են Սբ․Զատկի տոնին:
Արևիկ Համբարձումյանը տեղեկացրեց, որ բարեգործական համերգները կազմակերպում են ամեն ուրբաթ: «Այդ օրը հավաքված ողջ հասույթը տրմադարվում է առողջական խնդիր ունեցող որևէ փոքրիկի: Բացի ուրբաթ երեկոների հավաքված գումարներից, մեզ մոտ տեղադրված է նաև դրամահավաքի համար նախատեսված արկղ, որի վերևի հատվածում` մեծ էկրանին, ներկայացված է այդ շաբաթվա փոքրիկի պատմությունը, հիվանդության մանրամասները»,- ավելացրեց նախագծի ղեկավարը: Նա հայտնեց նաև, որ օգնության կարիք ունեցող փոքրիկներին է տրամադրվում նաև ժամանցի վայրի շաբաթ օրվա ողջ հասույթը, քանի որ շաբաթ օրերը ակումբի համար ամենաեկամտաբերն են:
ESem.am-ը հետաքրքրվեց նաև, թե ինչպես են ընտրվում այդ փոքրիկները, ինչին ի պատասխան՝ ժամանցի վայրի տնօրենն ասաց. «Ի սկզբանե նրանց ընտրում էինք ֆեյսբուքի օգնությամբ, իհարկե, նորից ուսումնասիրելով խնդիրը, զրուցելով ծնողների հետ, քանի որ անբարեխիղճ դեպքեր շատ են լինում: Իսկ այժմ համագործակցում ենք «Bridge of Armenia» հիմնադրամի հետ և նրանց օգնությամբ էլ ընտրում կարիքավոր փոքրիկիներին»:
Արևիկ Համբարձումյանի խոսքով՝ իրենց կազմակերպած բարեգործական համերգները «Բարության 40 օր» ծրագրի մի մասն են միայն: «Ամեն կիրակի կազմակերպում ենք ուխտագնացություն Հայաստանի որևէ մարզ, ինչպես նաև՝ բանավեճ-քննարկումներ ենք անում: Բոլոր ցանկացողները կարող են նախապես հերթագրվել ու մասնակցել անվճար ուխտագնացությանը»,- նշեց զրուցակիցս:
Անցած մի քանի շաբաթների ընթացքում բարեգործական համերգներ են տեղի ունեցել «Միրզոյան կվարտետի», երիտասարդ մի շարք դաշնակահարների, ջազմեն Լևոն Մալխասյանի, կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանի, երգչուհիներ Մաշա Մնջոյանի, Սոնա Ռուբենյանի, Սրբուհի Սարգսյանի, նաև՝ տարբեր խմբերի մասնակցությամբ:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը