Համազգային թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը հրաժարվել է իր երկար վարսերից: Պարզվում է՝ նա այդ քայլին դիմել է հանուն նոր կերպարի: ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ այժմ նկարահանվում է նաև ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» գեղարվեստական նոր ֆիլմում, որը Կոմիտասի մասին է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Դերասանուհին ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն` Սոնային: «Կերպարիս մասին մանրամասներ փոխանցել չեմ կարող մինչև պրեմիերան»,-հայտնեց Անին:
Ըստ նրա՝ ֆիլմում նկարահանվելու առաջին պայմաններից մեկը հենց վարսերից հրաժարվելն է եղել: Թեպետ դերասանուհին ստիպված է եղել հաղթահարել ֆիլմի գլխավոր հերոսուհու համար անցկացված քասթինգի մի քանի փուլերը, սակայն այդ պայմանը միանգամից է ընդունել: «Համարձակ քայլ էր. կարծում եմ՝ ոչ բոլորը կգնային այդ քայլին, թեև մասնագիտական առումով լավ առաջարկ է»,- նկատեց Անին:
Կոմիտասին նվիրված ֆիլմի նկարահանումները դեռևս ընթացքի մեջ են: Ըստ դերասանուհու` այս աշնանը այն մեծ էկրան կբարձրանա ու կհանձնվի հանդիսատեսի դատին: Իսկ մինչ այդ դերասանուհին շարունակում է խաղալ Համազգային թատրոնի ներկայացումներում: «Համազգային թատրոնը նոր է վերադարձել հյուրախաղերից, և այժմ անընդհատ փորձեր ու ներկայացումներ են արվում. թատրոնում օրս գերծանրաբեռնված է անցնում»,- պատմեց դերասանուհին:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը