Նիկոլաս Քեյջը կխաղա Օլիվեր Սթոունի ֆիլմում, որը պատմում Է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:
Քեյջը մարմնավորելու Է ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակցին: Կինոնկարում գլխավոր դերը կխաղա Ջոզեֆ Գորդոն-Լեւիտը: Ֆիլմում խաղալու են նաեւ Շեյլին Վուդլին, Մելիսա Լեոն, Զաքարի Քուինթոն, Թոմ ՈՒիլքինսոնը, Թիմոթի Օլիֆանթը:
Կինոնկարի հիմքում ընկած են երկու գրքեր՝ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենայի «Ծովահրեշի ժամանակը» վեպը եւ լրագրող Լյուք Հարդինգի «Սնոուդենի ֆայլերը. Աշխարհի ամենափնտրվող մարդու պատմությունը» գիրքը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ֆիլմի նկարահանումներն արդեն ընթանում են Մյունխենում, իսկ ավելի ուշ կշարունակվեն աշխարհի այլ քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորված Է մայիսի 25-ին:
2013 թվականին ԱՄՆ-ում Էդվարդ Սնոուդենին մեղադրանք Է առաջադրվել լրտեսության եւ պետության սեփականությունը հափշտակելու մեջ: Նրա անձնագիրն անվավեր Է ճանաչվել: Սնոուդենը փախել Է Հոնկոնգ, իսկ հետո՝ Ռուսաստան, որտեղ նրան ժամանակավոր ապաստան են տրամադրել, իսկ հետո՝ նաեւ երեք տարվա բնակության իրավունք:
Փետրվարի 22-ին կայացած «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությանը Սնոուդենի մասին պատմող Լորա Փոյթրասի վավերագրական ժապավենը պարգեւ Է ստացել որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ: