«Ֆուլ հաուս» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում նոր կերպարով հանդես կգա ոչ միայն մոդել-դեևրասան Դավիթ Աղաջանյանը, այլև հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը, ով ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից՝ Մենչից, նկարահանվելու առաջարկ ստացել է դեռևս առաջին եթերաշրջանում, սակայն այդ փուլում ԱՄՆ մեկնելու պատճառով չի կարողացել ընդունել այն:
«Երկրորդ եթերաշրջանում մասնակցությանս խթանեց նաև այն, որ նախագիծը բավականին բարձր վարկանիշ ունեցավ և սիրվեց հեռուստադիտողի կողմից: Ցանկացա անպայման դառնալ «Ֆուլ հաուս» ընտանիքի անդամ»,- ասաց Լիլիթն ու խոստովանեց, որ սկսել է ավելի շատ դիտել նախագիծը՝ նկարահանվելու առաջարկ ստանալուց հետո:
Մասնագիտությամբ հոգեբան Լիլիթն առաջին քայլերն է անում որպես դերասանուհի: «Գուցե փոքրիկ դժվարություներ լինեն, սակայն պրոֆեսիոնալ անձնակազմի օգնությամբ հեշտությամբ կհաղթահարեմ դրանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հնարավոր քննադատություններին՝ հաղորդավարուհին նշեց, որ Հոլիվուդում էլ կան շատ դերասաններ, ովքեր մասնագիտական կրթություն չունեն: Ըստ Լիլիթի՝ այս բնագավառում աշխատելիս պետք է թեթև վերաբերվել քննադատություններին, քանի որ այդպիսիք չեն կարող չլինել:
Նոր հերոսուհին նախագիծ կգա որպես Լիկայի ընկերուհի Եվա: Ըստ Լիլիթի՝ իր կերպարն ինքնավստահ է, խորամանկ՝ աղվեսին բնորոշ բնավորությամբ: «Իմ և Եվայի միջև գուցե թեթևակի խորամանկությունն է ընդհանուր: Նրա բնավորության մյուս գծերն ինձ հետ բացարձակ կապ չունեն: Բնականաբար, ինձ համար ավելի հեշտ կլիներ խաղալ, եթե ինձ նման կերպար լիներ, այդ դեպքում խաղալու խնդիր էլ չէր լինի»,- նկատեց նա:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը