«Ֆուլ հաուս» նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, օրերս ESem.am-ին հայտնել էր, որ երկրորդ եթերաշրջանում նախագծում կլինեն երկու հիմնական նոր կերպար: Նրանցից մեկին մարմնավորում է մոդել-դերասան Դավիթ Աղաջանյանը, ով ESem.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել է Մենչից:

 

 

«Ես ներկայանալու եմ Տիգրանի կերպարով, ով Թամարայի եղբոր որդին է: Շատ հարուստ տղա է, ով եկել է Հայաստան ամուսնության նպատակով աղջիկ գտնելու համար»,- ասաց նա, սակայն չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ արդյոք այդ աղջկան հարևանների տանն է գտնում:)

 

Դավիթն առաջին անգամ է ներկայանում հումորային նախագծում: «Դա իր բարդություններն ունի, բայց փորձելու ենք այնպես անել, որ ամեն բան լավ ստացվի: Որքանով հասցրել եմ առնչվել ստեղծագործական խմբին, շատ պրոֆեսիոնալ անձնակազմ է»,- նկատեց մոդել-դերասանը:

 

 

Ավելի վաղ Դավիթը ESem.am-ին ասել էր, որ չի ցանկանում նկարահանվել, քանի որ Հայաստանում այս ոլորտն անլուրջ է: «Ես որոշել էի դուրս գալ արվեսից և աշխատել իմ մասնագտությամբ՝ որպես իրավաբան: Հետո հասկացա, որ արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է: Այն ժամանակ նկարահանվելու ցանկություն չունեի, բայց կարծրատիպերը փոխվեցին»,- ասաց նա:

 

Դերասանն ընդգծեց, որ «Ֆուլ հաուսի» վարկանիշը շատ բարձր է, բացի այդ, իրեն գրավել է փոփոխությունը դրամատիկ ժանրից՝ կատակերգական: «Կարծում եմ՝ հետռուստադիտողը կգնահատի դա, քանի որ կատակերգական ժանրն ավելի բարդ է, քան դրամատիկը»,- հավելեց նա:

 

 

Ըստ Դավթի՝ տևական դադարի ընթացքում հասկացել է, թե ինչն է իրեն ավելի հոգեհարազատ:ESem.am-ի հարցին՝ իր կարծիքով այս ընթացքում հեռուստադիտողն իրեն մոռացե՞լ է, թե՞ կարոտել, Դավիթն անկեղծ պատասխանեց. «Կես տարի գուցե սպասեին, բայց 2 տարին երկար ժամանակ է: Ես հաստատ այն դերասանը չեմ, ում կկարոտեին, կսպասեին: Ես դեռ չեմ հասել այդ գնահատակին: Ամեն դեպքում կարծում եմ՝ հեռուստադիտողների համքր հաճելի անակնկալ կլինի ինձ կրկին տեսնելը»:

 

Նշենք, որ նախագծի նկարահնումները կսկսվեն փետրվարի 17-ին: «Ֆուլ հաուսը» եթեր կվերադառնա մարտին:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը