Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ ևս ESem.am-ն ամփոփել է անցնող 2014 թվականն ու պարզել, թե ինչով է այն առանձնացել նրա կյանքում:

 

 «Հունվարի առաջին իսկ օրերից աշխատանքի ենք անցել մինչև տարեվերջ»,-ասաց հաղորդավարուհին և պատմեց տարվա վերջին ունեցած ամենահետաքրքիր ճամփորդության մասին: Արևիկը 2014-ին հնարավորություն է ունեցել մեկնելու Լապլանդիա ու հանդիպելու իրական Սանտա Կլաուսին:

 

 

«Դեկտեմբերին 5 օրով մեկնեցինք Լապլանդիա` ամանորյա հաղորդում-ֆիլմ նկարահանելու, որը կցուցադրվի Հ1-ի եթերում: Այնտեղ հանդիպեցինք իրական Սանտա Կլաուսին, տեսանք, թե որտեղ է նա ապրում, ինչով է զբաղվում: Իմացանք այն ամենը, ինչը գաղտնի է պահվում, սակայն հատուկ թույլտվությամբ կարողացանք պարզել այդ ամենը»,- պատմեց Արևիկը և ավելացրեց, որ արկածներով լի ճամփորդության ընթացքում իսկապես մանկացել ու հավատացել է այդ ամենին:

 

 

Արևիկը նշեց, որ բացի Սանտա Կլաուսի նստավայրից եղել են նաև նրա` քաղաքից դուրս գտնվող տանը: «Եղանք այնտեղ, որտեղ հասնում են աշխարհի բոլոր նամակները. մենք նույնիսկ հայերեն նամակներ գտանք ու ընթերցեցինք եթերում: Ճամփորդության ընթացքում ծանոթացանք նաև Սանտայի օգնականների` էլֆերի հետ. եղանք նրանց դպրոցում, այնտեղ ես դասընթացների մասնակցեցի ու վերջում դիպլոմ ստացա»,- հայտնեց նա:

 

 

Ի դեպ, Արևիկի խոսքով` էլֆերն իրենց տեսնելուց հետո սկսել են հայերեն բառեր արտաբերել, ինչից հաղորդավարուհին ու իր թիմակիցները զարմացել են: Լապլանդիայի կենտրոնում` Ռովանիեմի քաղաքում, գտնված Արևիկի փոխանցմամբ` այնտեղով էր անցնում Հյուսիսային բևեռային շրջագիծը: «Ձմռան այս օրերին այնտեղ 3 ժամ էր ցերեկային լույս լինում: Առավոտյան 11:30 լույս բացվում էր, իսկ 2-ի կողմերն արդեն մութ էր: Հենց այդ մթության պատճառով էլ շատ էքստրեմալ պայմաններում ենք աշխատել,- հավելեց Արևիկը և փորձեց նկարագրել իրական Սանտային: -Նա բարձրահասակ, սպիտակ, փարթամ մորուք ուներ, ձայնն էլ խորհրդավոր, արտիստիկ էր: Նրան տեսնելու համար մարդիկ հերթ էին կանգնում»:

 

 

Հաղորդավարուհին ճամփորդության ընթացքում հնարավորություն է ունեցել նաև եղջերուներ ու հասկի շներ քշել: «Եղանք նաև թանգարաններում, ինքներս լապլանդական ձեռագործ հուշանվերներ պատրաստեցինք»,-ասաց նա և նկատեց, որ այս ամենից բացի հեռուստադիտողը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու, թե ինչպես են ապրում լապլանդական ընտանիքները, որոնց հյուրընկալվել են: «Այդքան ցուրտ երկրում շատ ջերմ ընդունելության արժանացանք»,-նշեց նա՝ հավելելով, որ իր արտաքին տեսքք ապահովելու համար Լապլանդիա էին մեկնել նաև դիմահարդար Ագա Քանքանյանը և վարսահարդար Նանա Ղազարյանը:

 

 

Արևիկի հետ խոսեցինք նաև 2015-ի սպասումների մասին: Ըստ նրա` միշտ էլ խաղաղ ու առանց մարդկային կորուստների տարի է սպասում: «Ենթադրում եմ, որ Այծի տարին խիստ չի լինի: Հաստատ բառը չեմ սիրում, բայց 2015-ին կամուսնանամ»,-եզրափակեց նա:

 

 

 

 

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը