Հաղորդավարուհի Իննա Թևոսյանին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: «Կանանց կոկտեյլ»-ի հաղորդավարուհին, ով եղել է նաև TV5 հեռուստաընկերության կոմերցիոն տնօրենը, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի տնօրենը, տեղափոխվել է ԱՄՆ:
ESem.am-ի հետ զույցում հաղորդավարուհին նշեց, որ հուլիսին է մեկնել ԱՄՆ: Այս ընթացքում նա արդեն հասցրել է մեկ ամսով վերադառնալ Հայաստան ու կրկին մեկնել: Իննայի խոսքով՝ երբևէ չի երազել ԱՄՆ-ում ապրելու մասին և այժմ էլ անորոշ ժամանակով է այնտեղ:
«Ուղղակի եղավ աշխատանքային հրավեր տեղի հայկական առաջատար ալիքներից մեկից, որը հետաքրքրեց ինձ և չցանկացա մերժել: Այժմ չեմ ցանկանում ամենը բացահայտել. դրա մասին կխոսեմ ավելի ուշ»,- ասաց հաղորդավարուհին: Ըստ Իննայի՝ այժմ փորձում է ծանոթանալ տեղի հեռուստատեսային շուկային, որպեսզի հասկանա իր հետագա անելիքները:
Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ մինչ մեկնելը առողջական խնդիրներ է ունեցել՝ կապված նյարդերի հետ: «Դրա պատճառով քաշս տարօրինակորեն նվազել էր, բայց այժմ, փառք Աստծո, ամեն բան լավ է»,-ավելացրեց նա:
ԱՄՆ-ում հանդիպած դժվարությունների մասին խոսելիս Իննան ասաց, որ այնտեղի մշակույթը, ապրելակերպը, մտածելակերպը անծանոթ է իրեն և ժամանակ է պետք դա հասկանալու, ընկալելու համար:
Իննայից տեղեկացանք, որ այս ընթացքում հանդիպել է ԱՄՆ-ում հաստատված աշխատանքային ընկերներին, իսկ եթերում առայժմ միայն որպես հյուր է հասցրել լինել:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը