Միշոն, Սերժոն, Ֆելոն, A'Chilla-ն և Ռոլանդը «Մի քանի հոգի» նախագծի շրջանակներում նոր տեսահոլովակ են նկարահանել «Ազգս չար ա» երգի հիման վրա: ESem.am-ի հետ զրույցում դիջեյ Սերժոն ասաց, որ տեսահոլովակի առաջին ցուցադրությունը եղել է օրերս կայացած փակ համերգի ժամանակ, որին ներկա են եղել իրենց ընկերները, իսկ հանրային պրեմիերան կկայանա առաջիկա օրերին:

 

 

Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հովակիմյանն է: Այն նկարահանվել է դեռևս ամռանը, սակայն մոնտաժային աշխատանքները տեխնիկական պատճառներով ձգձգվել են: Սերժոն հայտնեց, որ տեսահոլովակը սյուժետային կոնկրետ գիծ չունի, դերասաններ ընդգրկված են: «Միայն մենք ենք նկարահանվել: Սցենարային գիծ չկա, բայց յուրովի մոտեցում կա, որը շատ համահունչ է երգին. հիփ-հոփին, ռեփին ավելի մոտ վիճակով է»,- հայտնեց նա:

 

 

Անդրադառնալով վերջին շրջանում համերգներ չունենալուն՝ Սերժոն նշեց, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ իրենք դժվարությամբ են հավաքվում: «Խմբի անդամներց յուրաքանչյուրը զբաղվում է անահատական աշխատանքներով, հաճախ ինչ-որ մեկը երկրում չի լինում ու հավաքվելը մի փոքր դժվար է ստացվում: Ամեն դեպքում առաջիկայուն նախատեսում ենք կենդանի ելույթ ունենալ: Հավանաբար դա կլինի Ամանորից հետո»,- ասաց երաժիշտը:

 

 

Ինչ վերաբերում է Սերժոյի անհատական կարիերային՝  նա ասաց, որ շարունակում է համագործակցել տարբեր արտիստների հետ: «Առաջիկայում կկայանա Արամ MP3-ի «Help» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի երաժշտության հեղինակը ես եմ և Լիլիթ Նավասարդյանը: Իվետա Մուկուչյանի համար հայկական ֆոլկ երգերից մեկն եմ նոր գործիքավորմամբ ներկայացրել: Այդ տեսահոլովակի պրեմիերան ևս շուտով կլինի»,- ասաց նա:

 

Երաժիշտն իր վերջն ալբոմը՝ «Անքնությունը», թողարկել է 3 տարի առաջ: Սերժոն հայտնեց, որ այս ընթացքում ավելի շատ զբաղված էր այլ արտիստների հետ աշխատելով, սակայն նոր ալբոմի աշխատանքների 50-60%-ն արդեն պատրաստ է և հնարավոր է՝ 2015-ի սկզբին անակնկալ մատուցի երկրպագուներին:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը