Այս անգամ «Ոճային փոքրիկներ» շարքի հերոսը կապուտաչյա արքայազն Դավիթն է` դերասանուհի Սեդա Սարգսյանի որդին:
«Դիմակահանդես», «Ոստիկաններ» հեռուստասերիալներից հայտնի դարձած Սեդա Սարգսյանի` էկրաններին տևական ժամանակ չերևալու պատճառը մեկամյա Դավիթն է: Մայրանալուց հետո դերասանուհին առաջինը ESem.am-ի հետ խոսեց որդու մասին ու հրապարակելու համար մեզ վստահեց նրա լուսանկարները:
Դերասանուհու շիկահեր, կապուտաչյա տղան ծնվել է 2013 թվականի ապրիլի 11-ին: Դավթի անվան հետ կապված Սեդան ասաց, որ ի սկզբանե որոշած անունը մեկ րոպեում փոխվել է:
«Մեծ ոգևորությամբ էի սպասում առաջնեկիս լույս աշխարհ գալուն: Ես ու ամուսինս` Դավիթը, մինչ ծնվելն իրեն անհրաժեշտ բոլոր իրերը գնել էինք, անունը որոշել ու սպասում էինք նրան :) Մեր բոլոր հարազատներն ու բարեկամները նախապես գիտեին մեր տղայի անունը, որը վերջին պահին փոխվեց :) Երբ առաջին անգամ գրկեցի փոքրիկիս, հասկացա, որ մեր որոշած անունը նրան ընդհանրապես չի համապատասխանում: Արագ զանգեցի ամուսնուս և խնդրեցի երեխայի անունը փոխել ու Դավիթ դնել: Նրան համոզելու համար ինձանից մի քանի ժամ պահանջվեց, բայց, ի վերջո, հասա ուզածիս»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի մայրիկը:
Ըստ Սեդայի` Դավիթը շատ ակտիվ է. նրա ծնվելուց հետո ծնողները կորցրել են հանգիստն ու քունը :)
«Գերակտիվ փոքրիկ է, մեկ րոպե հանգիստ նստել ու մի բանով զբաղվել չունի, իր համար միշտ նորություն է պետք: Հենց մեքենա ենք նստում, ստիպում է երաժշտություն միացնել ու արագ քշել :) Մանկական սրճարաններում ու խաղահրապարակներում իրեն լավ չի զգում: Սիրում է սուպերմարկետ ու դեղատուն գնալ :) Կարուսել առհասարակ չի նստում, միայն` ավտոդրոմ :) Ժամերով կարող է նստել ու հեռուստացույցով ավտոռալիներ դիտել: Միակ մուլտֆիլմը, որ հաճույքով դիտում է, «Մաշան և արջն» է»,- փոքրիկի մասին պատմեց սերիալային դերասանուհին:
Մոր խոսքով` մարդամոտ, ընկերեասեր ու բարի Դավիթը հասակակիցների հետ հաճույքով է խաղում, նա իր խաղալիքներից նաև ընկերների համար է բաժին հանում :)
Դերասանուհու փոխանցմամբ` կյանքը տղայի ծնվելուց հետո ամբողջովին փոխվել է. նա անմնացորդ նվիրվել է որդուն:
«Երեխայիս ծնվելուց հետո մոռացել եմ իմ մասին ու ամբողջովին տրվել եմ նրան: Այս շրջանում անգամ չեմ աշխատում, փորձում եմ նրա հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել: Հիմնական խնամքով ես ու մայրս ենք զբաղվում, ով թողնիկի ծնվելուց հետո ոչ մի պահ չի հեռանում նրանից: Դայակ էլ ունեմ, ում հարցում, կարծում եմ, բախտս իրոք բերել է»,- նշեց Սեդան:
Փոքրիկի հագուստի և սննդակարգի հետ կապված հարցերում դերասանուհին շատ ուշադիր է: «Սննդի հարցում շատ հետևողական եմ, տղաս միայն օգտակար ու էկոլոգիապես մաքուր սնունդ է ուտում: Հագուստի ընտրության հարցում հիմնականում ուշադրություն եմ դարձնում հարմարավետությանը: Այնպիսի հագուտ եմ ընտրում, որը երեխայիս սազում է»,- նկատեց Դավթի մայրը:
Ասում է` որդու ամեն օրն իր համար տոն է: «Դավթի ծնվելուց հետո ամեն օրն ու պահը հիշարժան է, ես նրա ամեն ակնթարթը ֆիքսում եմ: Ամենահետաքրքիրն այն է, որ Դավիթն այս տարիքում արդեն երեք լեզու գիտի` հայերեն, ռուսերեն և իսպաներեն: Մենք տանը երեք լեզվով ենք խոսում, նա երեքն էլ հասկանում ու մեզ պատասխանում է :)»,- հպարտությամբ նշեց Սեդան:
Դավիթին ներկայացրեց Մերի Պողոսյանը