Ամերիկայի գիտնականները հայտնաբերել են, որ բերանի խոռոչում առկա մանրէները հնարավոր է մի շարք այնպիսի փոփոխությունների սկիզբ դնեն, որոնք, ի վերջո, հանգեցնեն հաստ աղիքի քաղցկեղի առաջացման:
Խոսքը գնում է, այսպես կոչված, ֆուզոբակտերիաների՝ բերանի խոռոչում չափազանց հաճախ հանդիպող մանրէների մասին: Այս բակտերիաները հանգեցնում են իմունային համակարգի գերակտիվացմանը և քաղցկեղի աճը խթանող գեների զարգացմանը:
Այսպիսի եզրահանգման են եկել միաժամանակ երկու հետազոտական խումբ ԱՄՆ-ում:
Հարվարդի համալսարանում անցկացվող առաջին հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ֆուզոբակտերիաները մեծ քանակությամբ առկա են ադենոմաներում՝ հաստ աղիքի վրա գտնվող բարորակ ուռուցքներում, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերածվել քաղցկեղի:
Հարվարդի գիտնականներն անցկացրել են մի շարք փորձարկումներ, որոնց ընթացքում պարզվել է, որ այդ մանրէներն ուռուցքային աճ են խթանում՝ գործի գցելով իմունային բորբոքման գործընթացը:
Երկրորդ հետազոտությունն անցկացվել է Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարանում:
Գիտնականները, ուսումնասիրելով ֆուզոբակտերիաների մոլեկուլային կառուցվածքը, հայտնաբերել են զարմանալի նմանություն այդ միկրոօրգանիզմների և հաստ աղիքի քաղցկեղային բջիջների մ իջև: Դա պայմանավորված է ֆուզոբակտերիաների թաղանթի վրա գտնվող FadA կոչվող յուրահատուկ մոլեկուլի առկայությամբ: Հենց այս մոլեկուլն է ատեղծում քաղցկեղային գեներ բորբոքված աղիքի բջիջներում' արագացնելով չարորակ հիվանդության զարգացումը:
Գիտնականները, համեմատելով FadA-ի մակարդակը քաղցկեղով հիվանդների օրգանիզմից վերցված հյուսվածքնեում, հայտնաբերել են, որ այն նշանակալիորեն ավելի բարձր է, քան առողջ մարդկանց պարագայում:
Այս հայտնագործությունը նշանակալից իրադարձություն է, քանի որ հետագայում այս մոլեկուլը կարող է հիմք ծառայել հակաուռուցքային դեղորայքի ստեղծման համար:
''Մեր աշխատանքը ոչ միայն լույս է սփռում հաստ աղիքի քաղցկեղի պաթոգենեզի վրա, այլև հզոր հիմք է ստեղծում հետագա դեղագործական ուսումնասիրությունների համար'',-ասում է հարվարդյան թիմի ղեկավար, բժիշկ Վենդի Գարրեթը:
Նա նաև հավելում է, որ հետագայում քաղցկեղային հատվածում ֆուզոբակտերիաների քանակի ստուգումը կարևոր ցուցանիշ կդառնա' անդրադառնալով բուժման նոր մարտավարության ընտրության վրա:
''Մեր օրգանիզմում մանրէների հսկայական քանակ է բնակվում: Դրանցից որոշները օգտակար են, մյուսները' վնասակար: Հայտնի են շատ քաղցկեղային հիվանդություններ, որոնց հիմքում ընկած է բորբոքային գործընթաց, և ԱՄՆ-ի մեր գործընկերների կողմից իրականացված այս հետազոտությունը հրաշալի լրացում էր այս բնագավառում ունեցած մեր գիտելիքներին'',-ասում է քաղցկեղի ուսումնասիրության Բրիտանիայի ինստիտուտի պրոֆեսոր Օլիվեր Չայլդսը:
Հետևաբար, ձեր ատամներն ավելի հաճախ խոզանակեք , հնարավոր է, դա քաղցկեղի դեմ պայքարի միակ միջոցը լինի: