Սեպտեմբերի 2-ին, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է Էդգար Գյանջումյանի երկրորդ բալիկը: Երգահանի դուստրը ծնվել է 3 կգ 900 գրամ քաշով և 53 սմ հասակով: Էդգարն ու կինը' Վիկտորյան, նորածնին կոչել են Եվա, որը, ըստ երգահանի, հին լեզուներից թարգմանաբար նշանակում է կյանք:

 

Իր զգացողոությունների մասին խոսելիս Էդգարն ասաց. «Արդեն մի քանի ամիս է, ինչ աղջկաս ճանաչում եմ, մենք մշտապես խոսում էինք իրար հետ, ու երբ նրան բնականից տեսա, կյանքս միանգամից լուսավոր շերտերով լցվեց. ես արդեն նոր, շատ հարազատ ընկեր ունեմ, ինչի համար էլ անսահման երջանիկ եմ»:
Պարզվում է՝ երգահանը ամբողջ ծննդաբերության ընթացքում կնոջ կողքին է եղել ու գոտեպնդել նրան:
«Առաջնեկիս' Գագիկի ծնվելու ժամանակ միջանցքում լուրի էի սպասում, բայց այս անգամ որոշեցի Վիկտորյայի կողքին լինել ու հասկացա, թե ինչպիսի դժվարությունների միջով են անցնում կանայք: Ամբողջ ընթացքում իմ աղոթքներն էի հղում առ Աստված. փառք Աստծո, կնոջս ու փոքրիկիս հետ ամեն ինչ կարգին է, իրենց լավ են զգում»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց նորաթուխ հայրիկը:

Երգահանի խոսքերով՝ Գագիկն էլ անհամբեր սպասում էր քույրիկի ծնվելուն, ու նրանց առաջին հանդիպումը շատ հետաքրքիր է եղել: «Գագիկս էլ անընդհատ խոսում էր քույրիկի հետ ու ծննդաբերության ժամանակ էլ միջանցքում սպասում էր. երբ առաջին անգամ տեսավ Եվային, հիացած նայում էր»,- նշեց Էդգարը, ում հավաստմամբ՝ ծննդկանն ու նորածինը երկու օրից տուն կտեղափոխվեն:
esyes.am-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկ Եվային անհոգ մանկություն մաղթում:

Բարի լուրը' Մերի Պողոսյանի