Ֆրանսիացի գիտնականները պարզել են, թե ինչու է կիթառով տղամարդը կանանց ավելի գրավիչ թվում, գրում է Корреспондент-ը։

Հարավային Բրետանիի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 20-ամյա մի տղամարդ և 18-22 տարեկան 300 աղջիկ։ Տղամարդը պետք է ծանոթանար աղջիկների հետ և վերցներ նրանց հեռախոսահամարը։

Փորձի ընթացքում տղամարդը ներկայացել է երեք կերպարով. առաջին դեպքում նրա ձեռքում կիթառ է եղել, երկրորդում՝ սպորտային պայուսակ, իսկ երրորդ դեպքում նա աղջիկներին մոտեցել է դատարկ ձեռքերով։

Պարզվել է, որ «երաժիշտ» լինելու դեպքում տղամարդու գրավչությունը «բազմակի» ավելացել է. կիթառով տղամարդուն հեռախոսահամար է տվել աղջիկների 31%-ը, դատարկ ձեռքերով տղամարդուն՝ 14%-ը, իսկ սպորտային պայուսակով մարդուն՝ աղջիկների 9%-ը։

Երաժշտությունը կարևոր դեր է խաղացել հին ամուսնական ծեսերի ժամանակ և, հետևաբար, ըստ գիտնականների, մինչև այժմ կարևոր դեր է խաղում նաև սերունդը շարունակելու համար զուգընկեր փնտրելու հարցում։

Բացի այդ, երաժշտական գործիքին տիրապետելը կարող է վկայել մարդու ինտելեկտուալ և ֆիզիկական զարգացման մասին։
Նախկինում ենթադրվում էր, որ երաժշտական ունակությունները կապված են տեստոտերոնի մակարդակի հետ։ Համարվում է, որ տեստոտերոնի բարձր մակարդակը նպաստում է ուղեղի աջ կիսագնդի զարգացմանը, որը պատասխանատու է երաժշտության հանդեպ ունեցած ունակությունների համար։