Այս տարի ծննդյանս տարեդարձը նշելու պլանները, հայտնի պատճառներով, ամբողջությամբ փոխվեցին: Որոշեցի հոգալ մտերիմներիս և ընկերներիս առողջության մասին և մեծ խնջույք չկազմակերպել: Ընտանիքիս անդամների հետ նշեցինք տոնը, բնականաբար, ստացա բազմաթիվ նվերներ, անակնակալներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Global arts ընկերության երգչուհի Անուշ Ավագյանը:

 

«Շատ չեմ սրտնեղում, որ այսպես ստացվեց, քանի որ իմ մտերիմների, հարազատների առողջությունն ինձ համար շատ կարևոր է»,-ասաց նա:

Անուշ Ավագյանը մասնակցել է բազմաթիվ բարեգործական համերգների. «Հիմա անգամ դժվարանում եմ մտաբերել, թե քանի բարեգործական համերգի եմ մասնակցել: Միշտ մեծ սիրով եմ ընդունում նման առաջարկները, ավելին՝ չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր մերժել բարեգործական համերգի առաջարկը»

Երգչուհին նշեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, բազմաթիվ պլաններ չի կարողացել իրականացնել, այդ թվում՝ հետաձգել է տեսահոլովակի պրեմիերան, ինչպես նաև բազմաթիվ համերգներ՝ Հայաստանում և այլ երկրներում:

«Չեմ հուսահատվում, որոշել եմ նպատակային օգտագործել այս ժամանակահատվածը: Բազմաթիվ նոր մտահղացումներ ունեմ, որոնք անպայման կիրականացնեմ: Նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին, որ հանկարծ չհուսահատցվեն: Շատ ավելի լավ կլինի, եթե մարդիկ այս ժամանակահատվածն օգտագործեն իրենց մեջ նոր տաղանդներ բացահայտելով, նոր գաղափարներ իրականացնելով: Ես վստահ եմ, որ մարդիկ շատ տաղանդավոր են: Չարժե հուսահատվել, քանի որ պանիկան լավ բանի չի բերի»,-ամփոփեց նա:

    

Հագուստի դիզայներ՝ Գևորգ Շադոյան