Մոդել Անիտա Հարությունյանը, ով ժամանակ առ ժամանակ իր բաց լուսանկարներով պայթեցնում է համացանցը, հաճախ է ինքն իրեն հակասող հայտարարություններ անում: Նա իր հարցազրույցներում պնդում էր, որ իր սիրտն ազատ է և բացի այդ չկա Հայաստանում իրեն արժանի տղամարդ: Այս հայտարարության համար մոդելին շատ քննադատեցին, անգամ այն աստիճան, որ իր հաջորդ հայտարարություններում սկսեց մեղմել իր խոսքը:

Սակայն օրերս մոդելը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ինքը երջանիկ է իր սիրելիի կողքին, ով շատ հոգատար է իր նկատմամբ և ինքնավստահ է դառնում, երբ այդ տղամարդն իր կողքին է: Մոդելը նաև գրել էր, որ ուրախ է, որ վերջապես զգում է, թե ինչ է իրական սերը:

Նկատենք, որ գրառումները կատարել էր երեկոյան ուշ ժամի, իսկ առավոտյան դրանք այլևս չկային, ինչն էլ պատճառ դարձավ որպեսզի ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողը հարցնի մոդելին, թե ինչո՞ւ է հեռացրել իր գրառումը և ի՞նչ է փոխվել իր կյանքում.

-Անիտա, Ձեր կողմից արված, ապա ջնջված գրառումներում գրել էիք, որ սիրահարված եք, ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում, գտե՞լ եք արդեն Ձեզ արժանի տղամարդ:

- Այո՛, ես կատարեցի նման գրառումներ, հետո ափսոսացի, որ իմ անձնականը հրապարակել եմ, պարզապես դա արել էի իմ մեծ ոգևորության պահին, հետո սառը դատելու ժամանակ հասկացա, որ այն պետք չի՝ մնա համացանցում:

-Ամեն դեպքում՝ մենք նկատել էինք այդ գրառումը, հիմա Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

-Ես երջանիկ եմ, երբ նա իմ կողքին է, բայց, խնդրում եմ, շատ մի անդրադարձեք այդ թեմային, որովհետև ես չեմ ուզում իմ մոդելային կարիերայից զատ՝ քննարկվի իմ անձնական կյանքը: Կուզեմ խոսեք միայն կարիերայիս մասին և այս հարցազրույցն այդ թեմայով թող լինի վերջինը, որովհետև ես չեմ պատրաստվում ավել ինչ-որ բան խոսել:

-Իսկ Ձեր հարաբերությունները նո՞ր են սկսվել:

-Ես վաղուց եմ սիրահարված, սակայն չեմ ցանկացել խոսել այդ մասին: 

-Դուք համացանցում շատ ակտիվ տեղադրում եք Ձեր նվերները՝  մատանի, օծանելիք, ծաղիկներ.... Նման շքեղ նվերներ տալը խոսում է նաև լրջության մասին: Այնպես չէ՞:

-Իմ հարաբերություններն իսկապես լուրջ են: Այո՛, ես ստանում եմ նվերներ և երբեմն ուրախությունովս կիսվում եմ:

-Ամուսնություն պլանավորվո՞ւմ եք, թե՝ ոչ:

-Ամուսնությունն առաջնային չէ, կարևորն այն զգացմունքներն են, որոնք մարդիկ ապրում են, իսկ ես իմ ապրած պահերն եմ գնահատում: Այդ արարողությունը ոչ մի էական բան չի փոխի իմ կյանքում: Պարզապես, երբ ես իր կողքին եմ, արդեն իսկ երջանիկ կին եմ ինձ համարում:

-Ի՞նչ պլաններ ունեք մոդելային ասպարեզում:

-Այս հարցն ինձ այնքանով դուր եկավ, որ վերադարձաք իմ մասնագիտական աշխատանքին: Իհարկե, չեմ դոփում տեղում: Շուտով ամսագրերից մեկը կհրապարակի իմ նոր ֆոտոշարքը, որը հայկական մոդելային կյանքում նոր և սուր ասելիք կունենա: Ես հիմա էլ կարող եմ ասել, որ այդ լուսանկարները շատ են քննարկվելու, քննադատվելու, բայց ինչպես միշտ՝ ես պատրաստ եմ դիմակայել այդ ամենին, քանի որ կարծում եմ՝ յուրաքանչյուր կարծիք ապրելու իրավունք ունի:

Հ.Գ. Թե ում է սիրահարված Անիտա Հարությունյանը, մեր զրույցում այդպես էլ մոդելը չասաց՝ նշելով, որ այդ մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել, բացի այդ՝ իրեն հաջողվել է բավականին երկար ժամանակ դա թաքցնել և կշարունակի այդ իֆորմացիան փակ պահել հասարակության համար: