Հոլիվուդի նշանավոր դերասանուհի Անջելինա Ջոլիին նշանակել են Լոնդոնի էկոնոմիկայի և քաղաքական գիտությունների դպրոցի դասախոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ուսումնական հաստատության կայքում:

 

Բուհի կազմում շուտով հայտնվելու է նոր հետազոտական կենտրոն՝ նվիրված կանանց, խաղաղության ու անվտանգության հիմնախնդիրներին: Այնտեղ Ջոլին հանդես կգա որպես ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության հատուկ դեսպանորդ:

 

«Ես շատ ոգևորված եմ նման ծրագրի ստեղծմամբ: Հուսով եմ՝ կրթական մյուս հաստատությունները կհետևեն այդ օրինակին, քանի որ անհրաժեշտ է ընդլայնել քննարկումները կանանց իրավունքների և այն բանի շուրջ, թե ինչպես վերջ դնել նրանց նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը, ինչպիսին Է, օրինակ, սեռական բռնությունը հակամարտությունների պայմաններում»,- ասել է դերասանուհին՝ ելույթ ունենալով համալսարանական լսարանի առջև:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոլին կարդալու է դասախոսություններ, մասնակցելու է հետազոտությունների և հանրային միջոցառումների, ինչպես նաև իր ինքնուրույն աշխատանքն է կատարելու գենդերային իրավահավասարության զարգացման, տնտեսության մեջ, հասարակական ու քաղաքական կյանքում կանանց դերի ուժեղացման, նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ: